Թուրքիային և Իրաքին չի հաջողվել համաձայնության գալ նավթի արտահանման հարցում
Միջազգային արբիտրաժային դատարանը Թուրքիային պարտավորեցրել էր 1․5 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել այն բանի համար, որ Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանի ղեկավարությանը թույլ էր տվել նավթ արտահանել առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության։ Նշենք, որ Թուրքիան մարտի 25-ին դադարեցրել էր Քիրքուք-Ջեյհան ուղղությամբ նավթի արտահանումը։ Այս բեռնափոխադրումների դադարեցումը հանգեցրել էր համաշխարհային շուկաներ Իրաքյան Քուրդիստանի հանքավայրերից նավթի արտահանման դադարեցմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախօրեին Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Ղանին մեկնել է Անկարա՝ բանակցելու Իրաքյան Քուրդիստանից Իրաքի պետականնավթային կազմակերպության (SOMO) միջոցով դեպի Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնման շուրջ։ Իրաքցի նախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, սակայն կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել Հյուսիսային Իրաքում արդյունահանվող նավթը Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով փոխադրելու շուրջ։
Իրաքի նավթի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ակնկալվում է, որ խողովակաշարի վրա իրականացվող վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև մատակարարումների վերսկսումը։
Ըստ իրաքյան նախարարության պաշտոնյայի, որը տեղեկություններ ունի Հյուսիսային Իրաքում արդյունահանվող նավթի բեռնաթափման և կառավարման վերաբերյալ, Անկարան անցյալ ամիս կապ է հաստատել Իրաքի նավթի արտահանման պետական SOMO ընկերության հետ և ասել, որ տեխնիկական վերանայումը պետք է ավարտվի մինչև խողովակաշարի վերաբացումը, ինչի համար մի փոքր ավել ժամանակ է պահանջվում։
Իրաքի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ նավթի նախարարը փորձում է բանակցել Անկարայի հետ՝ հստակ ժամկետ սահմանելու Քիրքուք-Ջեյհան ուղղությամբ արտահանումը վերականգնելու համար։
Իրաքի նավթի նախարարությունից մեկ այլ պաշտոնյա էլ հայտնել է, որ կարճ ժամկետում հեշտ չէ համաձայնության գալ և հավելել․ «Շատ կնճռոտ հարցեր կան։ Թուրքիան պահանջներ և պայմաններ ունի, դրանք լուծելու համար պետք է բանակցություններ վարել, մինչև նավթի հոսքը նորից սկսվի»։