Բաժիններ՝

ԵԱՏՀ-ն սահմանել է 2024 թվականին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման քվոտաներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան սահմանել է 2024 թվականին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման տարիֆային քվոտաներ։  ТАСС գործակալության փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի առանձին տեսակների և կաթի շիճուկի տարիֆային քվոտաների սահմանման և բաշխման վերաբերյալ: ԵԱՏՀ-ն տարիֆային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներում արտադրվող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ` հաշվի առնելով դրանց սպառման և անդամ պետություններում արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ երկրների պարտավորությունները», – ասված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով, Ղազախստանի և Ռուսաստանի համար 2024 թվականին տարիֆային քվոտաները սահմանված են այն չափերով, որոնք ամրագրած են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը պետությունների անդամակցության արձանագրություններում, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար՝ սպառման և արտադրության միջև տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի պահանջած ծավալները։

Ինչպես նշում է ԵԱՏՀ-ն, ընթացիկ տարում սպասվում է բացասական տարբերություն արտադրանքի արտադրության և սպառման ծավալների միջև խոշոր եղջերավոր անասունների մսի համար՝ 204,5 հազար տոննա, խոզի մսի համար՝ 60 հազար տոննա, թռչնամսի համար՝ 210,8 հազար տոննա և կաթի շիճուկի համար՝ 10,35 հազար տոննա։

Ելնելով այս մեծություններից` խոշոր եղջերավոր անասունի մսի քվոտաները Հայաստանի համար կկազմեն 9 հազար տոննա, Ղազախստանի համար՝ 21 հազար տոննա, Ղրղզստանի համար՝ 5 հազար տոննա և Ռուսաստանի համար՝ 570 հազար տոննա։ Խոզի մսի համար քվոտաները կբաշխվեն հետևյալ ծավալներով՝ 12 հազար տոննա Հայաստանի համար, 20 հազար տոննա Բելառուսի և 2 հազար տոննա Ղրղզստանի համար։

Թռչնի մսի և ենթամթերքի քվոտաները Հայաստանի համար կկազմեն 39,1 հազար տոննա, Բելառուսի համար՝ 10,9 հազար տոննա, Ղազախստանի համար՝ 140 հազար տոննա, Ղրղզստանի համար՝ 58 հազար տոննա, Ռուսաստանի համար՝ 364 հազար տոննա։ Կաթի շիճուկի ներկրման քվոտա է սահմանվել Հայաստանի համար՝ 1,2 հազար տոննա ծավալով և Ռուսաստանի համար՝ 15 հազար տոննա ծավալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս