Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն այսօր էլ չի փոշմանել ու կարծիքը չի փոխել

Այս տարի գարնանը Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը՝ Բերձորից բռնի տեղահանված բազմազավակ մայր Նարինե Ասատրյանին, մեղադրանք էր առաջադրվել։

Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից, Նարինե Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

168.am հետ զրույցում Նարինե Ասատրյանի ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը, ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Նարինեն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Այս ամենից հետո մենք այնքան ենք հոգնել խոսելուց, բայց այնպես էլ չէ, որ նստած ենք ու ոչինչ չենք անում, չենք էլ լռում»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Հարցին՝ միջադեպից հետո Նարինեն 168.am հետ զրույցում ասել էր, որ չի փոշմանել իր արարքի համար, շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, Սուրեն Զաքարյանը պատասխանեց.

«Այո, այդպես էլ կա, հիմա էլ է նույն կարծիքին»։

Հիշեցնենք, ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք կատարած այցի ընթացքում Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին։

Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած պաշտոնական հաղորդագրության՝ կինն իր մոտ եղած անձրևանոցը նետել էր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

«Կինը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների մի քանի անգամ ներկայացրած օրինական պահանջներին և անտեսելով վերջինների հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, և դիտավորյալ նետված հովանոցը (մեղադրական եզրակացության մեջ՝ անձրևանոցը) չի դիպել ՀՀ վարչապետին, ու նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»,- նշված է Նարինե Ասատրյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ։

Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ հարուցվել է քրեական վարույթ, Նարինե Ասատրյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

Նշենք, որ Նարինե Ասատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից տեղափոխվել էր Հայաստան, սակայն պատերազմից անմիջապես հետո կրկին ընտանիքով վերադարձել էր Քաշաթաղ։ Նախորդ տարի օգոստոսի 25-ին, ինչպես շատ քաշաթաղցիների, այնպես էլ Նարինեին բռնի տեղահանեցին, որպեսզի այն հանձնեն թշնամուն։

Տեսանյութեր

Լրահոս