Իտալիայի Պոմպեյ անտիկ քաղաքում ստրուկների սենյակ են հայտնաբերել
Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում պեղումներ իրականացնող իտալացի հնագետները ստրուկների ոչ մեծ սենյակ են հայտնաբերել՝ կենցաղային իրերով և քնելու տեղերով։ Այս մասին հաղորդում է Իտալիայի մշակույթի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ սենյակի կահավորանքը մատնում է բնակիչների «անապահովվածությունը և ստորադասվածությունը»։ Այնտեղ կա երկու մահճակալ, որոնցից միայն մեկի վրա կար ներքնականման մի բան, երկու փոքրիկ պահարանների հետքեր, մի քանի մեծ սափոր և կերամիկական ծաղկամաններ, ինչպես նաև տարբեր գործիքներ, այդ թվում՝ երկաթե բրիչ։
Գերատեսչությունը հրապարակել է 2-րոպեանոց տեսանյութ, որում Պոմպեյի հնագիտական վայրի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը ցույց է տալիս գտածոյի վիճակը և ուշադրություն հրավիրում մահճակալի գլխավերևի ծաղիկների պահպանվածության վրա։ Նրա խոսքով՝ նախկինում սենյակը գտել են անօրինական հորատողները, որոնք մասամբ ոչնչացրել են դրա դետալները։
Շինության ինտերիերը հաջողվել է վերականգնել տեխնիկայի շնորհիվ՝ գիպսի օգտագործմամբ, որը լրացնում է օրգանական նյութերի, օրինակ՝ փայտի և գործվածքի քայքայման հետևանքով առաջացած դատարկությունները:
Սենյակը գտնվում է Պոմպեյի պարիսպներից մոտավորապես 600 մետր դեպի հյուսիս՝ Չիվիտա Ջուլիանա շրջանում։ Հենց այդ տեղում 2021 թ. նոյեմբերին հայտնաբերվել է ստրուկների համար նախատեսված ևս մեկ շինություն։