Բաժիններ՝

Եկեղեցին կոչված է հագեցնելու մարդու հոգևոր ծարավը

Հոգևորի հանդեպ ծարավը մարդու էության մեջ է, քանի որ մարդն ստեղծվել է Աստծու պատկերով ու նմանությամբ: Արարչի կողմից մարդու հոգում դրվել է Արարչին և սեփական գոյության իմաստը գտնելու ձգտումը: Մարդը շփոթության մեջ է ընկնում ու մոլորվում, երբ իր համար պարզ չէ կյանքի իրական իմաստը: Այդ շփոթմունքի մեջ են հայտնվում կյանքի շեմին գտնվող շատ երիտասարդներ, որոնք միջնակարգ և բարձրագույն կրթությամբ որոշ գիտելիքներ ու մասնագիտություն են ձեռք բերում, բայց կրթությունն իրենց մոտ չի ձևավորում քրիստոնեական աշխարհայացք և չի մոտեցնում կյանքի իրական իմաստին:

Ցավալիորեն, հոգևոր արժեհամակարգից հեռացած կրթական համակարգն ընդհանուր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ փոխանցելուց զատ չի կարող աշակերտին և ուսանողին փոխանցել, թե որն է կյանքի բուն իմաստը: Երիտասարդն իրեն շրջապատող իրականությունից էլ չի կարող հաղորդ դառնալ կյանքի բուն իմաստին, քանի որ ապրում է սպառողական հասարակության մեջ, որը շատ հեռու է հոգևոր արժեհամակարգից: Աշխարհը տարբեր միջոցներով սպառողական վերաբերմունքի է մղում մարդուն՝ հրավիրելով կյանքի մի հանգրվանից մյուսին անցնելու: Մարդը, հաջորդաբար ապրելով այդ փուլերը, հասնում է իր նպատակներին, բայց ոչ այն երջանկությանը, որ ունենում է նա, ով հաղորդ է հոգևոր իրականությանը:

Կան մարդիկ, որ հասել են մեծ բարձունքի, ապահովված են ամեն ինչով, ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար, բայց տառապում են կյանքի իմաստի պակասից: Ներքուստ ձգտում ունենալով և չգտնելով կյանքի բուն իմաստը՝ մարդն սկսում է փոխարինողներ փնտրել՝ մոլորվելով և ընկնելով կախվածության տարբեր ձևերի մեջ, որոնք տարեցտարի ավելանում են աշխարհում:

Մարդը փորձում է ինչ-որ կերպ լցնել իր ներքին դատարկությունը և հոգևոր դաշտում հայտնվում է փակուղու՝ աղանդների մեջ: Աղանդներն, օգտագործելով մարդու հոգևորի հանդեպ ծարավը, նրան տալիս են կյանքի ոչ իրական, այլ խաբուսիկ իմաստը: Նրանք, ստելով մարդկանց, ստիպում են ապրել պատրանքի մեջ՝ փոխանակ օգնելու գտնել կյանքի իրական բովանդակությունն ու իմաստը: Աղանդները մեկուսացնում են մարդուն հասարակությունից՝ պատճառ դառնալով նրա հոգեկանի ու ընտանեկան կյանքի քայքայմանը: Այնինչ երկհազարմյա Քրիստոսահիմն եկեղեցին կոչված է հագեցնելու մարդու հոգևոր ծարավը՝ հնարավորություն տալով մարդուն հանդիպելու Աստծուն, գտնելու իր գոյության իմաստը և փոխակերպելու իր կյանքը:

Եկեղեցին համախմբում է մարդկանց, քանի որ առանց միմյանց մոտենալու հնարավոր չէ դեպի Աստված ընթանալ: Եկեղեցին նպաստում է նաև ամուր ընտանիք կազմելուն և դառնում է ընտանեկան կյանքի հիմքը: Ի տարբերություն աղանդների՝ եկեղեցին չի զրկում մարդուն ազատությունից, այլ ընդհակառակը՝ օգնում է ձեռք բերել ներքին ազատություն՝ ինքնուրույն որոշումներ և ընտրություն կայացնելու հարցում: Եկեղեցին օգնում է մարդուն տարբերել բարին չարից, հոգևոր ու բարոյական արժեքների հիման վրա կառուցել կյանքը՝ միաժամանակ պատասխանատու լինելով ամեն մի որոշման համար:

Այդ պատճառով Տիրոջ կողմից հիմնված և առաքյալների կողմից ողջ աշխարհով մեկ տարածում գտած եկեղեցին ուժեղ մարդկանց համար է, նրանց համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի, իրենց որոշումների, նաև գալիք սերունդների համար: Եկեղեցին իր առաքելությունը կյանքի է կոչում առանց որևէ պարտադրանքի: «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ: Եթե մեկն Իմ ձայնը լսի և բաց անի դուռը, Ես ներս կմտնեմ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ Ինձ հետ»,- ասում է Քրիստոս (Հայտն. 3:20): Եկեղեցին թակում է մարդկանց սրտերը, բայց չի ներխուժում նրանց անձնական կյանք, նրանց բնակարաններ իր քարոզչությամբ: Եկեղեցին օգնում է հասկանալ, որ իրական ազատությունը մեղքից ազատվելն է, օգնում է ազատվել ամեն տեսակի կախվածություններից:

Եկեղեցին դարերի ընթացքում հոգևոր փորձառություն է կուտակել, այն ներառում է Սուրբ Գիրքը, հայրաբանությունը, սրբազան Ավանդությունը, ծեսերը: Այս հոգևոր փորձառությունն է դարեր շարունակ փոխանցում իր անդամներին: Իսկ հոգևոր փորձառության և Ավանդույթի կենտրոնում առ Աստված հավատն է, ինչը օգնում է գիտակցել, որ բացի երկրային և նյութական իրականությունից կա նաև հոգևոր իրականություն, ինչն օգնում է մարդուն դիմել Աստծուն և Նրա օգնությամբ պայքարել մեղքերի, տկարությունների, վատ սովորությունների դեմ՝ վերափոխելով կյանքը:

Աստծու հետ հանդիպումը քրիստոնեական հավատքի էությունն ու առանցքն է: Այն տեղի է ունենում եկեղեցում, խորհուրդների միջոցով, Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Եկեղեցին իր խորհրդակատարությամբ, նվիրապետական կառույցով արմատապես տարբերվում է մյուս կրոններից: Մյուս կրոնների համեմատությամբ քրիստոնեությունն ընդհանրություն ունի բարոյական սկզբունքների առումով, բայց մյուս կրոններում բացակայում է Հաղորդության խորհուրդը, որի միջոցով քրիստոնյան միավորվում է Քրիստոսի հետ:

Ս. Պատարագի ընթացքում Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվողը միավորվում է Աստծուն ոչ միայն հոգեպես, այլև մարմնապես, այսինքն՝ մարդու ողջ էությունը՝ հոգին ու մարմինը, մասնակցում է փրկագործությանը, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, աստվածացման գործընթացին: Փրկագործությունը քրիստոնյայի համար Աստծու հետ միավորումն է, դա այն ուղին է, որով մարդն աստիճանաբար դառնում է աստվածանման: Այդ ճանապարհով գնալն օգնում է մարդուն ազատվել մեղքերից և աստվածահաճո ապրել: Առանց Աստծու օգնության անհնար է ճշմարիտ քրիստոնյա լինել, այսինքն՝ մարդ միայն իր ջանքերով չի կարող փրկվել, անհրաժեշտ է, որ Աստված Ինքը գործի մարդու մեջ և հոգեպես փոխակերպի նրան:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս