
ԱՀԿ-ում հայտնել են բուժաշխատողների համակարգում առկա ճգնաժամի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարը հայտնել է, որ բուժաշխատողները գերազանցել են իրենց հնարավորությունները COVID-19-ի համավարակի ժամանակ, և որ այս համակարգը փլուզման եզրին է ամբողջ աշխարհում։ Այս մասին մասնագետը հայտնել է Financial Times-ին տված հարցազրույցում։
«Երբ դուք աշխատուժին խնդրում եք դուրս գալ իր հնարավորությունների շրջանակներից, այն փլուզվում է: Իսկ գլոբալ բուժանձնակազմը մոտ է այդ պահին», – մեջբերում РИА Новости-ն նրա խոսքը։
Որպես օրինակ փորձագետը բերում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը, որի գործառնական թերությունները «թաքցվել են» COVID-19-ի ճգնաժամի ժամանակ, երբ աշխատուժը ձգտում էր «դուրս գալ սովորական շրջանակներից»։
Ավելի վաղ Sky News-ը հաղորդել էր, որ բժիշկների պակասից տառապող Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը բուժման համար հերթի սպասող հիվանդների նոր ռեկորդային թիվ է գրանցել՝ 7,6 մլն մարդ։ Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգն արդեն ամիսներ շարունակ տառապում է բուժաշխատողների խիստ պակասից: Ավելի ու ավելի շատ մարդիկ են հեռանում մասնագիտությունից՝ չափից դուրս ծանրաբեռնվածության, գների աճի և որակավորումը բարձրացնելու հնարավորության բացակայության ֆոնին: Իրավիճակը խորացնում են բուժանձնակազմի գործադուլները։