ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գծով գործընկերները հսկայական ճնշման են ենթարկվում ոչ բարեկամական պետությունների կողմից. Լավրով
ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գծով գործընկերները հսկայական ճնշման են ենթարկվում ոչ բարեկամական պետությունների կողմից, «Международная жизнь» պարբերականի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մշտական են դարձել արեւմտյան մայրաքաղաքներից նրանց երկրներ կատարվող այցելությունները՝ «խորհրդակցություններ» անցկացնելու համար ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների «շրջանցմանը դիմակայության» հարցերում։ Եթե իրերն իրենց անուններով անվանենք, ապա խոսքը, իհարկե, սպառնալիքներով եւ շանտաժով մեր դաշնակիցներին ստիպելն է հրաժարվել Ռուսաստանի հետ միանգամայն օրինական համագործակցությունից»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ըմբռնումով են մոտենում այն բանին, որ «իրենց վրա գործադրվող արտաքին ճնշման» պայմաններում գործընկերները ստիպված են «շրջահայաց լինել»։
ՌԴ արտաքին գործերի նախարարը նշել է, որ առկա փոխադարձ առեւտրատնտեսական պարտավորությունները շարունակում են կատարվել, «քանի որ համապատասխանում են կողմերի շահերին եւ չեն խախտում միջազգային իրավունքը»։
«Բնականաբար, մեր կողմից նախաձեռնվում են պատասխան քայլեր՝ ուղղված դրսից ապակառուցողական ճնշման փորձերի չեզոքացմանը։ ԵԱՏՄ շրջանակում մշակվել են միության տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցներ։ Դա արդեն կոնկրետ արդյունքներ է տվել։ Անշեղորեն ավելանում են փոխադարձ առեւտրի ծավալը, կոոպերացիոն նախագծերը, լիովին ապահովվել է պարենային եւ էներգետիկ անվտանգությունը։
Որոշ թվեր մեջբերեմ։ ԵԱՏՄ շուկային բաժին է ընկնում կենտրոնաասիական պետությունների արտաքին առեւտրի 40 տոկոսը։ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 10 հազար ռուսական եւ համատեղ ձեռնարկություններում ապահովված է 40 հազար աշխատատեղ։ Ընդհանուր առմամբ, եվրասիական ինտեգրացիան ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունության եւ նրանց քաղաքացիների բարեկեցության բարձրացման գրավականն է։
Դա լիովին վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ին։ Մեր փոխգործակցության հիմքն այս կազմակերպությունում կազմում են իրավահավասարության սկզբունքները եւ նրա մասնակից բոլոր պետությունների շահերի հաշվառումը։ Վստահ ենք, որ մեր դաշնակիցները քննադատաբար են մոտենում Արեւմուտքի աճող ուշադրությանն իրենց երկրների հանդեպ եւ թույլ չեն տա իրենց ներքաշել այն պլանների մեջ, որոնք ուղղված են ռազմաքաղաքական լարվածության թեժացմանը։
Արդյունքում՝ մենք, իհարկե, ակնկալում ենք, որ, զարգացնելով կապերը երրորդ երկրների հետ, մեր դաշնակիցները ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գծով չեն ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն իրենց պարտավորություններին այդ կազմակերպությունների շրջանակում։ Միաժամանակ, մեր կանոններին չի համապատասխանում այլ պետություններին «կյանք սովորեցնելը» կամ թելադրելը, թե ինչպես եւ ում հետ փոխգործակցություն հաստատեն։ Ռուսաստանը չի արգելում հարեւաններից եւ գործընկերներից ոչ մեկին փոխգործակցություն հաստատել որեւէ մեկի հետ, բայց միշտ խնդրում է հաշվի առնել մեր օրինական շահերը։ Կարծում եմ՝ նրանք մեզ կլսեն»-, ասել է Սերգեյ Լավրովը։