Հայաստանը խորապես մտահոգված է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումով

Հայաստանը խորապես մտահոգված է Կիպրոսի Պիլա քաղաքում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) վրա հարձակումով և դատապարտում է այս խախտումը։ Այս մասին ասված է Կիպրոսում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։

«UNFICYP-ի միջազգային մանդատով նախատեսված լիազորությունները պետք է ամբողջությամբ հարգվեն: Հայաստանը վերահաստատում է իր միանշանակ համերաշխությունը Կիպրոսի հետ»,- ասված է Հայաստանի հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է հունական City Times-ը, միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտակայքում գտնվող բուֆերային գոտում, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի խաղաղապահները դադարեցրել են այդ տարածքում չարտոնված շինարարական աշխատանքները:

Գործողությունները, որոնք վտանգում են ՄԱԿ-ի խաղաղապահների անվտանգությունը և վնասում են ՄԱԿ-ի գույքը, անընդունելի են և որակվում են որպես միջազգային իրավունքի լուրջ խախտումներ, ինչի համար նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հորդորում են կիպրացի թուրքերին ճանաչել և հարգել առաքելության լիազորված իրավասությունը ՄԱԿ-ի բուֆերային գոտում, զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը և անհապաղ դուրս բերել ողջ անձնակազմն ու սարքավորումները ՄԱԿ-ի բուֆերային գոտուց:

Առաքելությունն ակտիվորեն վերահսկում է իրավիճակը և հավատարիմ է մնում տարածաշրջանում հանգստության և կայունության պահպանմանը։

ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարել է, որ Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մի քանի զինվորականներ վիրավորվել են, ՄԱԿ-ի մեքենաները նույնպես վնասվել են բուֆերային գոտում, որը բաժանում է Կիպրոսի թուրքական հյուսիսը հունական հարավից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Կիպրոսի թուրքական կողմին հարգել UNFICYP-ի Անվտանգության խորհրդի մանդատի համապատասխան լիազորությունները և անհապաղ դուրս բերել ողջ անձնակազմն ու սարքավորումները ՄԱԿ-ի բուֆերային գոտուց:

Թուրքիան օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսի տարածքի գրեթե 40 տոկոսը՝ ներխուժելով երկիր 1974 թվականին։ Այդ ժամանակվանից ՄԱԿ-ի խաղաղապահները վերահսկում են հրադադարը Կիպրոսի բռնի բաժանված հատվածների միջև։

Տեսանյութեր

Լրահոս