Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարությունից, Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել և ուղեկցել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին և ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարևորել է կոմբինատում նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: Նշվել է, որ կոմբինատն ունի 1200 աշխատատեղ։
Այնուհետև վարչապետը հանդիպել է ագարակցիների հետ, քննարկել ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը վերաբերող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
Հաջորդիվ կառավարության ղեկավարը ծանոթացել է Մեղրիի մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա` կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:
«Լոֆթ-Մեղրի» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոնում վարչապետին ներկայացվել է իրականացված ծրագիրը: Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնը համապատասխանում է ծրագրի իրականացման ֆունկցիոնալ, տեխնիկական և բովանդակային պահանջին՝ ապահովելով Մեղրի համայնքի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Ադելյան փողոց 3 Մշակույթի տուն հասցեում 158,6 քմ մակերեսով տարածքի (երրորդ հարկ) ներկայիս նորարարական, հիմնանորոգված, նյութատեխնիկական միջոցներով և կահույքով համալրված տեսքը և գործարկման հնարավորությունները։ Ծրագրի իրականացման համար «Լոֆթ» ՀԿ-ին պետության կողմից դրամաշնորհի ձևով հատկացվել է 25 մլն 348 հազար դրամ, որով իրագործվել են կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների ապահովումը։ Պայմանագրի շրջանակում «Լոֆթ» հասարակական կազմակերպությունը առանց հատկացումների, սեփական միջոցներով՝ համայնքի ներգրավվածության պայմաններում, գործարկելու է կենտրոնի բովանդակային 5-ամյա ծրագիրը (2023-2027թթ)՝ ի նպաստ համայնքի երիտասարդության զարգացման և առաջընթացի։
Վարչապետը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Քաջարան համայնքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի ընթացքը: Կատարվել է աշխատանքների 60%-ը։ 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 631,5 մլն դրամ է, որի 30% -ը տրամադրվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: Ծրագրի արդյունքում կբարձրանա Քաջարան քաղաքի ԲԲՇ-ների էներգաարդյունավետությունը։
Կառավարության ղեկավարն այցելել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վարչապետը վերջինիս ղեկավարների հետ քննարկել է ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն:
Վարչապետը ծանոթացել է Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի ավարտված շինարարական աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն 119 մլն դրամ: Կառուցվել է 11 կմ ճանապարհ։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում 13 անհատական բնակելի տների կառուցման շինհրապարակը: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարվել է աշխատանքների 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 741 մլն դրամ է: Արդյունքում՝ 13 ընտանիք կբնակեցվի նորակառույց տներում: Վարչապետը կարևորել է աշխատանքների որակյալ իրականացումն ու հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտին հասցնելը:
Գործադիրի ղեկավարին ներկայացվել են նաև Տ-8 Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի ավարտված վերակառուցման աշխատանքները: 19,89 կմ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ:
–
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Դարբասի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, որոնց 65%-ը կատարվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 729,2 մլն դրամ է: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: