Արցախը պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են Ադրբեջանի կողմից․ Արցախի ԱԳ նախարար

Ս։ Արցախյան կողմն ամենաշահագրգիռն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք կարողանանք հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Այս մասին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են կազմակերպվել Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները:

«Այստեղ ուղղակի մի քանի կարևոր հանգամանք պետք է նշենք: Առաջինը՝ նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա ներգրավված կողմերին տեսնելու, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։

Երկրորդը՝ պետք է ամրագրվեն հստակ երաշխիքներ, որ կողմերը ստանձնած պարտավորությունները կատարելու են` հաշվի առնելով, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, և որը չի գործում»,- նշել է Ղազարյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկներին՝ Ղազարյանը տեղեկացրել է, որ ստացել է երրորդ երկրի տարածքում հանդիպելու առաջարկ և օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է մասնակցությունը։

«Մենք ստացել ենք Եվլախում հանդիպելու մասին առաջարկ։ Բայց, ինչպես տեղյակ եք, մեր հայրենակիցը՝ Վագիֆ Խաչատրյանը, ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան տեղափոխվելու ընթացքում առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից: Այդ տրամաբանությամբ ինչ-որ հանդիպումներ, հատկապես, առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար են։

Ավելացնեմ նաև, որ արցախյան կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են ադրբեջանական կողմից։ Տեղյակ եք, որ վերջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, բայց ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել այդ հանդիպման բովանդակային մասը, և մարտի 5-ին մենք տեսել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է և մեկը վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս