Իրականությունից կտրված տեսլական է․ Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող փաստաթուղթը, որը՝ համաձայն հրապարակումների, ներկայացրել է Ռուսաստանը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների վերջին եռակողմ հանդիպումից հետո։ Փաստաթղթով Արցախի բնակչության համար ազգային փոքրամասնության կարգավիճակ է առաջարկվում Ադրբեջանի կազմում։

Օգոստոսի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ղազարյանը նշել է, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուլիսի 27-ի հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը։

Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա: Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ այն պարագայում, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ՝ այդ թվում և ուժի կիրառման մասին, տեսնելով` ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- ասել է Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս