Բաժիններ՝

Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը ձերբակալվել է

Անչափահաս աղջկան կտտանքների ենթարկած Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի ( ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելը, որն իրականացվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի անչափահասի նկատմամբ՝ առանձին դաժանությամբ ) 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, որն իրականացվել է 12-14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որն իրականացվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որն իրականացվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։

«Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով»,- հայտնեցին ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ կինը, որին երեխաները մայր են անվանում, նվաստացնում, մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։

Պարզվել է, որ կինը՝ Աննա Արևշատյանը նախկինում դատապարտված եղել է՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու մասին սուտ մատնություն կատարելու համար, մեղավոր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ նրա ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է երկու աղջիկ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար։

Երեխային նվաստացրած մայրը ոստիկանությունում հայտնել է, որ նկարահանել է վճարի դիմաց, իսկ թե ով է պատվիրատուն՝ չի նշել՝ ասելով, թե չի ճանաչում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս