
Ադրբեջանը գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել․ Արցախի ԱԳ նախարար

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
«Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու` հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։
Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում գրեթե բոլոր կենսագործունեության ոլորտներին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն»,- ասել է Ղազարյանը։
Վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը՝ Ղազարյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին։