Ընկերությունը երբևէ որևէ մեկին կաշառք չի տվել, կաշառքի առաջարկ որևէ մեկին չի արել․ «Սանիթեք»
Իրավապահ մարմիններին, միջազգային արբիտրաժային դատարանում դիրքավորվելու համար, չփորձել կաշառք տվողի անհիմն պիտակ կպցնել «Սանիթեք» ընկերությանը կամ նրա որեւէ ներկայացուցչին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը։
«Հանրային հեռուստաընկերության 08.08.2023թ. լուրեր հաղորդամբ ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս դատախազության, ներկայացնելով քրեական հետապնդման նախաքննության ինչ որ անհիմն հանգամանքներ, հերթական անգամ հանրային դաշտում անհիմն եւ ապօրինի վարկաբեկում են «Սանիթեք» ընկերությունը:
Հայտարարում ենք, որ «Սանիթեք» ընկերությունը կամ նրա որեւէ պաշտոնատար անձ երբեւէ որեւէ մեկին կաշառք չի տվել, կաշառքի խոստում կամ առաջարկ որեւէ մեկին չի արել՝ դրա որեւէ դրսեւորմամբ: Ավելին, սկսած 2012 թվականից «Սանիթեք» ընկերությունը միակն է եղել, որ համաձայնել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած գնով մատուցել ծառայություններ Երեւանում, եւ այդ պայմաններում «Սանիթեքը» որեւէ առավելություն ստանալու նույնիսկ տեսական անհրաժեշտություն չուներ:
Թե Սանիթեքից առաջ եւ թե «Սանիթեքից» հետո այդ ծառայությունների համար ծախսվել են ավելի մեծ գումարներ։ Թեեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային հայտարարել էր նոր մրցույթով նոր օպերատոր ներգրավելու մասին, սակայն մինչ օրս որեւէ մրցույթ չի իրականացվել, որեւէ այլ ընկերություն չի ներգրավել, այդ ծառայությունների կազմակերպումը իրականացվում է ավելի մեծ գումարներով, ինչը ուղղակի խոսում է այլ միջազգային կազմակերպությունների կողմից դրա նկատմամբ հետաքրքրվածության բացակայության մասին։
Ինչ վերաբերվում է «Սանիթեքի» կողմից դատախազության նշած տարածքի վարձակալությանը, ապա բազմիցս հայտարարել ենք եւ կրկնում ենք, որ մինչեւ այդ «Սանիթեքը» շուրջ երկու տարի վարձակալում էր այլ տարածք, որի փոփոխությունը պայմանավորված էր «Սանիթեքի» համար վարձակալության ավելի շահավետ պայմաններով, ինչում վստահաբար դատախազությունը կարող էր պարզել: Նշվածով հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին, միջազգային արբիտրաժային դատարանում դիրքավորվելու համար, չփորձել կաշառք տվողի անհիմն պիտակ կպցնել «Սանիթեք» ընկերությանը կամ նրա որեւէ ներկայացուցչին»,- ասվում է հայտարարությունում: