Դավիթ Իշխանյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական նամակներ են հղել Եվրոպական խորհրդարանից, Կանադայի Սենատից, Ֆրանսիայից և Լիբանանից:
ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսը շնորհավորական ուղերձում իր զորակցությունն է հայտնել Արցախի հայ ժողովրդին և հույս հայտնել, որ միջազգային աջակցությունը կաճի Արցախի ինքնորոշման իրավունքի հանդեպ ու ժողովրդավարությունը ի վերջո կգերակայի ռազմական բռնապետությանը:
Ֆրանսիա- Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուան հաջողություն է մաղթել Դավիթ Իշխանյանին և աջակցություն հայտնել Արցախի համար այս դժվարին պահերին կարևոր պատասխանատվության մեջ։
Արցախի Ազգային ժողովի իր գործընկերներին և անձամբ Դավիթ Իշխանյանին իր անվերապահ զորակցությունն է հայտնել նաև Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը: Նա նաև ընդգծել է Կանադայի կառավարության, ինչպես նաև միջազգային ամբողջ հանրության հստակ պահանջի անհրաժեշտությունը՝ ութ ամիս շարունակվող շրջափակման վերացման համար։ Կանադացի քաղաքական գործիչը արժևորել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը և դրանում տեղ գտած այն միտքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցը պետք է ներկայացնի միջազգային դատական ատյանների։
«Յարգելի Պրն. Իշխանեան,
Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահական պաշտօնին ձեր ընտրութեան առիթով հաճեցէք ընդունիլ իմ անկեղծ շնորհաւորութիւններս։
Տագնապալի այս օրերուն, նման պատասխանատուութեան ստանձնումը ըստ էութեան գիտակից զոհաբերութեան եւ խիզախութեան մեծագոյն արտայայտութիւնն է։
Կը յուսանք եւ կը մաղթենք, որ Ձեր ղեկավարութեամբ Ազգային Ժողովը տեւաբար հետամուտ կը մնայ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան եւ իրաւունքներու վերատիրացման գործին։
Ձեզի կը ցանկանք ամենաբարին, արեւշատութիւն, իմաստութիւն եւ կորով լաւագոյնս կատարելու Ձեզի վստահուած պատասխանատուութիւնը»,- ասված է Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախկին հայ կին նախարար Վարդինե Օհանյան –Գևորգյանի շնորհավորական ուղերձում: