Բաժիններ՝

Թուրքիային անխուսափելի ավերիչ երկրաշարժեր են սպասվում

Թուրք երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում փետրվարի 6-ին արդեն իսկ տեղի ունեցած և ապագայում սպասվող երկրաշարժերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երկրաբանը 1999-ի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Մարմարայի երկրաշարժի 24-րդ տարելիցին ընդառաջ քննադատական խոսքեր է հնչեցրել իշխանությունների հասցեին:

«Նրանք երկրաշարժը վերագրում են ճակատագրին և այդպիսով այն փորձում հասարակության համար ընդունելի դարձնել»:

Ապա նաև վերոհիշյալ երկրաշարժի և սպասվող երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների համար որպես առաջնահերթ պատճառներ է համարում երկրի տնտեսական խնդիրները:

Մասնագետի համոզմամբ՝ առանց տնտեսական խնդիրները լուծելու, երկրաշարժի խնդիրներին լուծում տալ չի հաջողվելու:

Էրջանը ներկայացրել է նաև իր համոզմամբ՝ 2045-ից հետո տեղի ունենալիք երկրաշարժերի ուժգնությունն ու տեղանքը: Ըստ այդմ՝ Մարմարայի տարածաշրջանում 2 անխուսափելի երկրաշարժ է սպասվում:

Որպես դրանցից մեկի՝ 6.4-ից 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի տեղանք է նշվում Քյուչուքչեքմեջե լճի ափից մոտավորապես 25 կմ դեպի հարավ ընկած հատվածը՝ Մարմարա ծովում:

Իսկ երկրորդի՝ մոտավորապես 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի տեղանք է նշվում Սիլվիրի և Մարմարա Էրեղլիսի քաղաքների միջնհատվածը:

Երկրաբանի կարծիքով վերոհիշյալ երկրաշարժերը զգացվելու են ոչ միայն Ստամբուլում, այլև Թեքիրդաղում, Քոջաելիում, Յալովայում, Բուրսայում, Բալըքշեհիրում և Չանաքքալեյում:

Զոհերից և ավերածություններից խուսափելու համար էլ Էրջանը համոզմունք է հայտնել առ այն, որ Ստամբուլի բնակեցման գործընթացը պետք է առնվի վերահսկողության տակ, որովհետև բացի այն, որ քաղաքը հանդիսանում է ամենից շատ ներգաղթյալ ընդունող նահանգը, բազմաթիվ խնդիրներ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս