Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել առանց նախապայմանների՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:

«Նրանք (խմբ․՝ ԿԺԴՀ-ն) դրականորեն չեն արձագանքել այս առաջարկին, բայց այն դեռևս ուժի մեջ է: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջը նստել առանց նախապայմանների», – ասել է նա։

Քիրբիի հայտարարությունն արվել է ԱՄՆ-Ճապոնիա-Հարավային Կորեա գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ քննարկման օրակարգի գլխավոր թեման կլինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային կարողությունների զարգացումը և Փհենյանին զսպելու հնարավորությունների հետագա ամրապնդումը։

Քիրբին նշել է, որ առայժմ Փհենյանը հետաքրքրություն չի ցուցաբերել այս առաջարկի հարցում, և նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում «մենք պետք է համոզվենք, որ ցանկացած այլ առումով պատրաստ ենք պաշտպանել մեր ազգային անվտանգության շահերը, ինչպես նաև մեր կորեացի ու ճապոնացի դաշնակիցների շահերը»։

«Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», – հավելել է նա։

Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, որը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ, Բայդենի վարչակազմը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ քայլերի է դիմել տարբեր ուղիներով, սակայն ոչ՝ բարձր մակարդակով։

Ըստ Kyodo-ի՝ բարձր մակարդակով հանդիպման առաջարկը ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմն ուժեղացնում է ջանքերը Հյուսիսային Կորեայի հետ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս