ՄԱԿ ԱԽ նիստը հրավիրվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՀ նամակի հիման վրա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի վերաբերյալ Հայաստանում, ավանդույթի համաձայն, երկու իրականություն ձեւավորվեց։
Իշխանությունը փորձեց ներկայացնել, թե իբր հերթական դիվանագիտական հաղթանակն է գրանցել, Փաշինյանը կառավարության նիստում հերոսաբար հայտարարեց, թե աշխարհն արձանագրեց, որ Լաչինի միջանցքը փակ է, իսկ ընդդիմադիրները դա ներկայացրին որպես այս ապիկար իշխանությունների հերթական ձախողում:
Հրատապ նիստը հրավիրվել էր Հայաստանի պահանջով (թեեւ ընթացքում տեղեկացանք, որ մեծ թվով նամակներ նաեւ Ադրբեջանն է ուղղել ՄԱԿ-ին), շուրջ երեք ժամ քննարկվեց Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։ Նիստին ներկա էին ոչ միայն ՄԱԿ ԱԽ 15 անդամները, այլեւ՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի, Թուրքիայի ներկայացուցիչները։ Ընդ որում՝ Թուրքիան ՄԱԿ ԱԽ նիստ էր ուղեւորվել՝ պաշտպանելու Ադրբեջանի շահերը։
Նիստից հետո բանաձեւ կամ հայտարարություն կընդունվի՞ Արցախի հարցով։ Հայաստանի արտգործնախարարությունից երեկ հայտարարեցին, որ կողմերի փաստարկները, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները լսելուց հետո` առաջիկա 24 ժամում, շրջանառության մեջ կարող է դրվել բանաձեւի կամ հայտարարության տեքստ:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում անգամ համաձայնեց Աղդամի ճանապարհի գոյությանը․ «Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապող օղակ եւ չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Սա՝ այն դեպքում, երբ Մալթայի ներկայացուցիչը հստակ կոչ արեց՝ Լաչինին այլընտրանք Աղդամը չառաջարկել։
Ընդգծենք, որ Մալթայի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ՝ ԵՄ ներկայացուցիչներն առանձնացան իրենց հայամետ եւ արցախամետ դիրքորոշումներով։ Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների մեծամասնությունն էլ համակարծիք էր` մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ 120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար, նրանք պնդում էին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, բայցեւ հնարավոր էին համարում այլ երթուղիների գործարկումը:
Իսկ Բաքվի ներկայացուցիչը ՄԱԿ-ի նիստում կտրականապես հերքում էր մեղադրանքները։ «Սովի ու ցեղասպանության մասին պնդումները կեղծ են ու մտացածին», – հայտարարեց Յաշար Ալիեւը՝ ասելով, թե դրա մասին են վկայում Արցախում տեղի ունեցող խնջույքները, որոնց վերաբերյալ ապացույցներով էր եկել՝ լուսանկարներով։
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ուշի-ուշով հետեւել է այդ նիստին եւ արձանագրում է՝ կային «կրքոտ» ելույթներ, բայց կարեւորը ոչ թե ելույթներն ու դատապարտումներն են, այլ այն, որ այս նիստին հետեւի հատուկ բանաձեւի ընդունում։
«Այո, ելույթները լավն էին, որոշները՝ վիճահարույց, որոշները՝ շատ կրքոտ, ընդհանուր առմամբ, բոլորը կարեւորել էին, որ կա շրջափակում։ Բայց այդ կոչերն ու արձանագրումներն արդեն անիմաստ են, եթե սա ավարտվի ուղղակի քննարկմամբ, եթե չլինի բանաձեւ, ուրեմն իրավիճակը շատ ավելի է բարդանալու, սա դառնալու է Ադրբեջանի աշխարհաքաղաքական, դիվանագիտական հաղթանակը։ Եթե ամբողջ աշխարհի առաջ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում, եւ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում որեւէ մեկի կողմից, սա պարզապես խայտառակություն է»,- նշեց Դավիթ Բաբայանը։ Մեր դիտարկմանը, որ նիստին կոչեր չեղան՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, անգամ ՀՀ արտգործնախարարը նման կոչով հանդես չեկավ, Բաբայանն արձագանքեց․ «Տրամաբանական էր՝ պահանջել բանաձեւ ընդունել, եթե դա չեղավ, պարզապես խայտառակ իրավիճակ է լինելու»։
Ի պատասխան ադրբեջանական փաստարկների, Բաբայանն ասաց, թե շրջափակված Լենինգրադում եւս հարսանիք ու ծնունդներ են եղել․ «Դա ի՞նչ կապ ունի՝ Ադրբեջանն ընդամենը ծաղրում է բոլորին»։
Նախկին գումարման խորհրդարաններում ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած նիստը հերթական «էմոցիոնալ ձեռնաշարժությունն» է որակում․ «ՄԱԿ-ը՝ իր կանոնադրությամբ, ունի հստակ լծակներ, որոնք կարող էր գործի դնել՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, կարող էր ընդունել իրավական ուժ ունեցող բանաձեւ, ինչը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված է, բայց չարվեց։ Երեկվա նիստը սկսվեց եւ ավարտվեց էմոցիոնալ հայտարարություններով, որոնք իրավական գործիքակազմ չեն արտահայտում։ Այնպես որ, այդ նիստը ոչինչ չտվեց, հերթական անգամ արձանագրվեց, որ 120 հազար մարդ կանգնած է ցեղասպանության շեմին։ Մինչդեռ Արարատ Միրզոյանն այդ նիստում հայտարարեց, որ 120 հազար մարդ սովամահության եզրին է կանգնած, կարծում եմ՝ նրա համար «շպարգալկան» սարքողները վատ են աշխատել․ Արցախում տեւական ժամանակ է՝ սով է, դրա դաժանագույն ապացույցներից մեկն էլ օրերս սովից մահացած 40-ամյա տղամարդն էր»։ Զոհրաբյանն ընդգծեց, որ Արեւմուտքը երբ ցանկանում է՝ պատժամիջոցներ է կիրառում, ինչպես ՌԴ-ի դեպքում, սակայն Ադրբեջանի նկատմամբ նրանք խիստ բարեգութ են․ «Այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ Արցախի լուծման բանալին Երեւանում է, եւ դա իշխանափոխությունն է»։
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն առավել քան համոզված է՝ ո՛չ բանաձեւ, ո՛չ էլ հայտարարություն կընդունվի։ Եթե դա լիներ, ապա, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, դրանց մասին կհայտարարվեր նիստից անմիջապես հետո․
«Այսինքն, եղան զուտ ելույթներ՝ առանց որեւէ կոնկրետ դիրքորոշման»։ Նկատի ունենալով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ինչ օրակարգով էր նիստը հրավիրել, ի սկզբանե պարզ էր, որ չի լինելու շոշափելի արդյունք։
«Նիստը հրավիրվել էր ոչ թե Արցախում ստեղծված իրավիճակի խնդրի վերաբերյալ դիմումի հիման վրա, այլ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի վերաբերյալ ՀՀ նամակի։ Այս փաստն ինքնին ցույց էր տալիս, որ առանձնապես անդամ պետությունների մոտ չկա համաձայնություն Լեռնային Ղարաբաղի խնդրի, անգամ այնտեղ առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ օրակարգ ունենալու հարցում։ Սա շատ բնական է, քանի որ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հետեւողականորեն իրականացնում է այն գաղափարը, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, իսկ Արեւմտյան հարթակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում նրանց հաջողվել է (այդ թվում` մեր իշխանությունների գործուն մասնակցությամբ) արձանագրել Արցախի ժողովրդին որպես անհատներ, բնակչություն, որի իրավունքների մասին իրենք պիտի մտահոգվեն։ Սա էր հիմնական գիծը, որը ձգվում էր այդ նիստի ընթացքում արեւմտյան պետությունների ներկայացուցիչների ելույթներում։
Նրանք խուսափում էին օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, Լաչինի միջանցքի մասին խոսելիս իրենք պարզապես մեջբերում էին Արդարադատության միջազգային դատարանի ձեւակերպումը, որի դեմ Ադրբեջանը խոսել չի կարող»,- ասաց Աղաջանյանը՝ ցավով արձանագրելով, որ ԼՂ կարգավիճակի մասին քննարկումներն այլեւս տեղի են տվել մարդկանց իրավունքների մասին խոսակցություններին, որն օրակարգ է բերվել ՀՀ գործող իշխանությունների կողմից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: