Պաշտոնական խողովակներով Արցախը Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու մասին փաստաթուղթ չի ստացել․ Արցախի ԱԳ նախարար
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ պաշտոնական խողովակներով ԱԳ նախարարությունը Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու մասին փաստաթուղթ չի ստացել։
Ղազարյանն Արցախի հարցով տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու հայտարարած գաղափարին։
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականին Արցախի ԱԳՆ-ն արձագանքել էր դեռ հուլիսի 27-ին իր հայտարարությունում։
Արցախի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ այս տեսլականը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով, Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում արցախահայության իրավունքների ապահովում։
«Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է»,- ընդգծեց նա։