Բայրմովը Կլաարի հետ հանդիպմանը կրկին մեղադրել է Երևանին
Օգոստոսի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախում տիրող իրավիճակին, ինչի վերաբերյալ Բայրամովը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանի կողմից տարածաշրջանում «ռազմաքաղաքական սադրանքների» աճը, տարածաշրջանում «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի» մասին «կեղծ և անհիմն» հայտարարությունները չեն ծառայում խաղաղությանն ու կայունությանը։
Բայրամովը նաև Երևանին մեղադրել է «Լաչինի միջանցքի հետ զուգահեռ Ակնա-Ստեփանակերտ ճանապարի գործածության ու վերաինտեգրման հարցերով հայ բնակիչների հետ հանդիպումների շուրջ պայմանավորվածությունների խաթարման» համար, ինչը, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»։