ԱՄՆ-ն և Թուրքիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի
Ամերիկայի ձեռնարկությունների ասոցիացիան (AmCham) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «AmCham Turkey»-ը համախմբել է ամերիկյան 125 ընկերություներին Թուրքիայի Բոդրում քաղաքում։ AmCham Turkey-ը բիզնես ասոցիացիա է, որտեղ գործում են 100-ից ավելի ամերիկյան հայտնի ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան ընկերությունների կողմից կազմակերպած հանդիպմանը ուղերձ է հղվել , ըստ որի՝ 200 տարվա պատմություն ունեցող և օրըստօրե զարգացող երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հետագա աճի համար պետք է տարվեն ավելի շատ աշխատանքներ։
Հանդիպմանը մասնակցել են «AmCham Turkey»-ի խորհրդի նախագահ Թանքութ Թուրնաօղլուն, Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյք Ֆլեյքը և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Ջուլիա Էադեհը։
Թուրնաօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-Թուրքիայի միջև երկարամյա ամուր հարաբերություններն աշխարհի ամենակարևոր և խորը ռազմավարական հարաբերությունների թվում են և երկկողմ տնտեսական հարաբերությունները 2023-ի առաջին կեսին շարունակում են նոր թափ հավաքել։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի տնտեսության մեջ 125 ամերիկյան ընկերություն ներդրել է 60 մլրդ դոլար և նպատակ ունեն ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։
«Այսօրվա մեր հանդիպման ժամանակ մենք հստակ ցույց տվեցինք մեր կամքը՝ շարունակելու ավելի ջանասիրաբար աշխատել այդ նպատակներին հասնելու համար։ Մենք թևակոխում ենք նոր դարաշրջան՝ աճող երկկողմ այցելություններով, որոնք կենտրոնացած են առևտրի և ներդրումների վրա: Այն փաստը, որ «Trade Winds 2024»-ը՝ ԱՄՆ կառավարության կարևորագույն առևտրային իրադարձություններից մեկը, տեղի կունենա Թուրքիայում 2024-ի մայիսի 15-ին դրա ամենավառ ապացույցներիցն է», -նշել է Թուրնաօղլուն։