
Նման անխոհեմ պահվածքը քաղաքական հետևանքներ է պարունակում․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ ԵՄ դիտորդների հայտարարությունների մասին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը՝ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հերքելու, ապա, տեսաապացույցների հրապարակումից հետո հաստատելու հարցում։
«Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հուսահատեցնող է համարում այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին:
«Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ է անում գործել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խսիտ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության և աշխատանքի արդյունավետության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։