Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հաստատել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացնում

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում արձանագրում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Օկամպոն իր զեկույցում շեշտում է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ»՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

«Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի», – նշել է Օկամպոն զեկույցում՝ հավելելով, որ սովամահությունը, որպես մարդկանց ոչնչացնելու մեթոդ, անտեսվել է միջազգային ողջ հանրության կողմից, երբ օգտագործվել է հայերի դեմ 1915 թ.-ին, ինչպես նաև հետագայում հրեաների, լեհերի, Լենինգրադում ռուսների, այնուհետև՝ կամբոջացիների, ինչպես նաև Սրեբրենիցայում բոսնիացիների դեմ։

Լուիս Մորենո Օկամպոն նաև նշում է, որ կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ 2023թ.-ին ցեղասպանություն է իրականացվում, և Հայաստանի խնդրանքով Արդարադատության միջազգային դատարանն արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը՝ եզրահանգելով, որ այն «իրական և վերահաս վտանգ է» ներկայացնում էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի առողջության և կյանքի համար»։

«Կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին», – նշված է զեկույցում։

Զեկույցի հեղինակը հավելում է, որ Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի հստակ հրամանները՝ «ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը», իսկ նրա հանրային հայտարարությունները, թե, իբր, միջանցքն արգելափակվել է դրանով արգելված ապրանքներ ներմուծելու համար, շեղելու նպատակ ունեն։ Բացի այդ, ըստ հեղինակի, մաքսանենգության մասին հաղորդումները դեռ պետք է հետաքննվեն, և դա, միևնույնն է, չի արդարացնում դատարանի որոշումների անտեսումը։

Լեռնային Ղարաբաղի հայերի վերջնական ոչնչացումը կանխելու համար Օկամպոն կարևոր է համարում շրջափակման դադարեցումը մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև տարածքային վեճերի լուծումը մինչև 2025 թ.-ի մայիսը, երբ Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։

Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների վերաբերյալ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը իմանալու համար նրան դիմել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս