Բաժիններ՝

Հրաձիգներն ԱՊՀ խաղերի թիմային պայքարում չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները մեկնարկեցին ԱՊՀ խաղերի թիմային միքս ձևում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Մինսկում ընթացող մրցաշարի մրցումային երկրորդ օրը Հայաստանի ընտրանու կազմում «հրացան, 10 մետր, 30 կրակոց, միքս» ձևում Հայկ Բաբայանը և Միլենա Միասարյանը որակավորման փուլում գրավեցին 6-րդ, իսկ «10 մետր, ատրճանակ, 10 մետր, 30 կրակոց, միքս» ձևում Նարե Գաբրիելյանը և Գոռ Մանուչարյանը 7-րդն էին: Եզրափակիչ են դուրս եկել 1-4-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:

Հրաձիգները ևս երեք մեկնարկ կունենան ԱՊՀ խաղերում, արդեն անհատական պայքարում:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս