Սաուդյան Արաբիան և Քուվեյթը կմիավորեն ջանքերն Իրանի հետ սահմանազատման շուրջ բանակցություններում
Սաուդյան Արաբիան և Քուվեյթը մտադիր են մեկ ճակատով հանդես գալ Իրանի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններում, որոնք պետք է վճռեն Պարսից ծոցում վիճելի Էդ Դուրրա հանքավայրի պատկանելության հարցը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Էր Ռիադի դիվանագիտական մի աղբյուրներից մեկը։
«Եթե Իրանը համաձայնի ծովային սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններին, ապա դրանք, ըստ էության, կլինեն երկկողմ: Դա նշանակում է, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հանդես կգան որպես բանակցությունների մեկ կողմ», – ասել է աղբյուրը:
2022 թվականի մարտի 21-ին Քուվեյթը և Սաուդյան Արաբիան համաձայնություն են ձեռք բերել Էդ Դուրրա հանքավայրի մշակման և շահագործման վերաբերյալ, որը գտնվում է Պարսից ծոցում` երկու պետությունների սահմանի չեզոք գոտում: Կողմերը նախատեսում են հանքավայրում արդյունահանել օրական 28,3 մլն խմ բնական գազ, ինչպես նաև 84 հազար բարել գազային կոնդենսատ։
Միևնույն ժամանակ Թեհրանը հայտարարել է հանքավայրի նկատմամբ իր իրավունքների մասին և դատապարտել է Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի միջև համաձայնությունը։
Հուլիսի 5-ին Էր Ռիադը Թեհրանին կոչ է արել բանակցություններ սկսել ծովային սահմանի սահմանազատման շուրջ վիճելի գազային հանքավայրի շրջանում։ Քուվեյթի նավթի նախարար Սաադ Համադ ալ Բարաքը հուլիսի 27-ին հայտարարել է, որ երկիրը կսկսի դրա շահագործումը մինչև Իրանի հետ ծովային սահմանի սահմանազատումը։ Հուլիսի 30-ին Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջին հնարավոր է համարել հանքավայրի համատեղ շահագործումը: