Սամվել Բաբայանին կօգտագործեն Արցախն Ադրբեջանին ինտեգրելու համար, այնուհետև Բաբայանը կարժանանա առևանգված Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին. Արթուր Մարտիրոսյան
Հուլիսի 29-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգեց բուժման նպատակով Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին: Ժամեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին՝ ընդգծելով, թե Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունն այս քայլով աշխարհին ցույց է տալիս, որ գնում է իր գլխավոր նպատակի հետևից՝ Արցախի ինտեգրմանը։
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ Ալիևն այս քայլին է գնում, քանի որ ստացել է Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
«Հայաստանի իշխանությունն է տվել Ադրբեջանի ղեկավարին Արցախն ինտեգրելու հնարավորությունը, իսկ Արցախի չինտեգրման դեպքում Ալիևի ձեռքին Հայաստանի իշխանությունը դրել է ճնշման գործիքներ։ Բաքուն ունի ճնշման մեծ լծակներ, որոնք դեռ չի օգտագործում, բայց կամաց-կամաց ճնշումն ուժեղացնում է»,- ասաց Մարտիրոսյանը։
Բանակցային գործի մասնագետի փոխանցմամբ՝ 2018 թվականին Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարություններ արած Նիկոլ Փաշինյանը տապալվեց բանակցություններում, և հիմա ուղղակիորեն ձեռքերը լվացել է Արցախից, դրա համար է անընդհատ հայտարարում, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է իրար հետ երկխոսեն, ինչի կողմնակիցն է նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Չի՛ լինում այդպես. դե թող Սամվել Բաբայանը գնա և իր օրակարգն ասի։ Կտեսնեի, որ բանակցություն չի՛ լինի դրանից հետո, որովհետև Ալիևի միակ օրակարգն ինտեգրումն է, ինչը, ի դեպ, ունի Հայաստանի իշխանության աջակցությունը։ Ադրբեջանական կողմը, իհարկե, ուզում է տեսնել հայերի, որոնք կընդունեն իրենց պահանջած ինտեգրման օրակարգը և կգնան Բաքվում բանակցելու, ինչը նշանակում է, որ ընդունում են այդ օրակարգը։ Ավելին, Ադրբեջանը ցանկանում է, որ դա անողը լինի ազդեցություն ունեցող հայ քաղաքական գործիչ, իսկ ինտրեգրացումից հետո Սամվել Բաբայանին կասեն՝ դու Ադրբեջանի քաղաքացի ես, և Բաբայանը կունենա օրերս առևանգված Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը։ Ասել է թե, Ադրբեջանն Արցախն ինտեգրելու հարցում կարող է օգտագործել Սամվել Բաբայանին»,- ասաց Մարտիրոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։