
Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հերքելով Հայաստանի պնդումները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում պնդել է, թե հումանիտար իրավիճակի մասին Հայաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նամակը Թվիթերում հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Բայրամովը, մասնավորապես, գրել է, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Ադրբեջանը ապահովում է» Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակը հրապարակվել է նույն րոպեներին, երբ պաշտոնական Ստեփանակերտը ահազանգեց Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ՀՀ տեղափոխվող քաղաքացու առևանգման մասին, որի ճակատագիրն անհայտ է։
Ըստ Արցախի պաշտոնական աղբյուրների՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։