Փաշինյանն Ալիևին տալիս է Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողությունների գնալու հիմքեր. Գառնիկ Դավթյան
2021 թվականին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին հայտարարած և այդ ծրագրով Կառավարություն կազմած Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին Արցախ հումանիտար օգնություն անգամ չի կարողանում ուղարկել, որովհետև Ադրբեջանը մի քանի ամիս շարունակ Արցախը պահում է պաշարման մեջ՝ հումանիտար աղետի հասցնելով 120 հազար հայի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով Հայաստանի Կառավարության՝ Արցախ բեռներ ուղարկելու փորձի մասին, նախ կոչ արեց հիշել, որ Արցախում ստեղծված հումանիտար աղետը հետևանք է Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարության և այն համաձայնության, որը նա տվել է՝ Ալիևի պահանջն ընդունելով՝ Ակնայով Ստեփանակերտ հումանիտար օգնություն ուղարկել։
«Լաչինի միջանցքն Ակնայի ճանապարհով են փոխակերպել, և Փաշինյանը տվել է դրան իր համաձայնությունը։ Ադրբեջանի համար ամենակարևորն այն է, որ կապիտուլյանտի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին է հայտարարվել, ինչից հետո էլ Փաշինյանը տվել է համաձայնություն՝ Ակնայից Արցախում ապրողներին օգնություն տրամադրելու ադրբեջանական առաջարկին»,- ասաց Դավթյանը՝ շեշտելով՝ չի տեսել հայկական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն, որով կհերքվի Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ակնայից Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին հայտարարությունը։
«Հիմա Փաշինյանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, ուստի, եթե ադրբեջանական կողմը լկտիաբար գնա ռազմական գործողությունների, միջազգային հանրությունը նրան չի էլ կանգնեցնելու։ Հրաժարվելով իր տված խոստումներից՝ Փաշինյանը գնում է ռազմական ճանապարհով Հայաստանից տարածքներ զիջելու սցենարով. այն սցենարով, որը գործեց Արցախում. այս հարցում ոչինչ չի փոխվել»,- ասաց Դավթյանը՝ շեշտելով՝ այս սցենարի գործարկմանը զուգահեռ, իբրև թե Արցախին հումանիտար օգնություն է ուղարկում, որն ընդամենը շոու է՝ իր մամուլի ասուլիսից հետո Արցախի նկատմամբ փաշինյանական ատելությունը մեղմելու համար։
Ըստ ադրբեջանական հարցերով փորձագետի՝ Փաշինյանը հասկանում է, որ Լաչինի միջանցքը փոխարինելով Աղդամի ճանապարհով՝ իր իշխանության հիմքերը սասանվել են, և կարող է իրավիճակ փոխվել, ուստի հիմա փորձում է այդ որոշման հետողորմյան անել։
«Սպասվում են շատ վատ գործընթացներ։ Փաշինյանի քայլերը ստեղծում են պատերազմի մեծ վտանգ։ Ադրբեջանն ունենալու է քաղաքական հիմքեր՝ համոզելու իր դաշնակիցներին և ոչ միայն՝ Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնելու համար»,- ասաց Դավթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։