«Ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք, ո՛չ էլեկտրականություն. Ադրբեջանը մարդասիրական աղետ է հասցնում». իսրայելցի վերլուծաբան-հրապարակախոսի հոդվածը Արցախի մասին
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իսրայելցի վերլուծաբան-հրապարակախոս, Yaron Weiss -ի հոդվածը հրեական www.davar1.co.il կայքում (Արցախի իրավիճակի մասին): Յարոն Վեյսը նաև Հարավային Կովկասի երկրների փորձագետ է:
«Ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք, ո՛չ էլեկտրականություն. Ադրբեջանը մարդասիրական աղետ է հասցնում»
Արցախի հայկական անկլավում ապրում է 120 հազար բնակիչ, և Հայաստանն է պատասխանատու նրանց մատակարարումների 90%-ի համար: Հակառակ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը փակել է շրջափակման մեջ գտնվող բնակիչներին հիմնական ապրանքների մատակարարման միջանցքը:
Արցախի նախագահ. «Եթե բնակիչներին անհապաղ միջազգային օգնություն չտրամադրվի, երկիրը կվերածվի մեկ մեծ համակենտրոնացման ճամբարի».
Արցախի հայկական անկլավը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվում է երկարատև շրջափակման մեջ, որը կարող է զանգվածային սովի պատճառ դառնալ նրա 120,000 բնակիչների համար։ Հայաստանի կառավարությունը երեկ (չորեքշաբթի) ուղարկել է 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունով, այդ թվում՝ սննդամթերք, դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ։ Ըստ պաշտոնյաների՝ այն բավարարում է մեկ-երկու օրվա սպառման համար, ուստի մինչև պաշարումը Հայաստանից օրական նման քանակի բեռներ էին շարժվում դեպի Արցախ։
Երեկոյան շարասյան շարժը ադրբեջանական ուժերի կողմից արգելափակվել է Հաքարի կամրջի վրա տեղադրված անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ «սա հերթական սադրանքն է ադրբեջանական ինքնիշխանության դեմ»։ Ռուսական ուժերը փորձում են միջնորդել, որպեսզի թույլատրեն շարասյունը շարժվել դեպի մայրաքաղաք Ստեփանկարտ։ Դեռևս լուծում չի գտնվել։
Տեղացի լրագրող և բլոգեր Մարութ Վանյանը հուզված պատմում է սարսափը. «Վերա Նարիմանյանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Աղաբեկալանջ գյուղից, 6-ամյա Գիտայի և 3-ամյա Լեոյի միայնակ մայրը, վաղ առավոտյան իր տնից դուրս է եկել մոտակա Մարտակերտ քաղաք, 5-կիլոմետր քայլել՝ փորձելով ձեռք բերել ձեթ, շաքարավազ և հիմնական սննդամթերք:Նա նախընտրել էր իր փոքրիկներին տանը մենակ թողնել, որպեսզի թույլ չտա նրանց երկար քայլել սաստիկ շոգի տակ: Երեխաներն ավելի ուշ քնից արթնացել են ու պարզել, որ մայրը տանը չէ, սաստիկ շոգին մենակ քայլել են Մարտակերտ՝ նրան փնտրելու, այնտեղ նստել են կայանված մեքենա՝ երկար քայլելուց հանգստանալու համար։ Երկար փնտրտուքներից հետո՝ նրանց դիերը հայտնաբերվել են հաջորդ օրը մեքենայի ներսում, պարզվում է՝ փակվել են մեքենայի մեջ ու մահացել շոգից ու ջրազրկումից։
Վանյանը պատմում է իր հարևանի՝ միջին տարիքի մի կնոջ մասին, ով դառնացած թակել է իր դուռը և ցույց տվել ձմերուկը, որն եղել է իր տանը մնացած վերջին ուտելիքը, որտեղ ապրում է իր երեխաների ու թոռների հետ։
Վառելիքի բացակայության պատճառով հացի փռերը, որոնք գտնվում են հիմնականում Ստեփանկարտի ծայրամասերում, դժվարությամբ են հաց տեղափոխում քաղաքի խանութներ։ Ամեն առավոտ այդ առաջադրանքին կամավոր գնացած երիտասարդ տղաները հացով լի պարկեր են տանում հացի փռերից մինչև քաղաքի կենտրոնում գտնվող խանութները՝ մայրաքաղաքում սովը կանխելու համար։
Տեղի առողջապահության նախարարությունը հայտարարել է մահացության աճի մասին։ Շատ բնակիչներ վերջերս մահացան թերսնումից։ Շատերն ընդհանրապես բուժօգնություն չեն ստանում, քանի որ վառելիքի սղության և տրանսպորտային միջոցների երթեւեկության դադարեցման պատճառով չեն կարողանում հասնել հիվանդանոց։ Բացի այդ, հղիության կորստի տագնապալի աճ է գրանցվել: Հիվանդանոցներում հոսպիտալացված բազմաթիվ հիվանդներ մահացել են՝ սպասելով, որ իրենց տեղափոխեն Հայաստան։
Էկոլոգիական աղետ ու հազարավոր քաղցածներ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը հանգեցրեց նրան, որ անցյալ դեկտեմբերից Ադրբեջանը, Բաքվից ուղարկված ակտիվիստների օգնությամբ, փակել է միակ մուտքի ճանապարհը (միջանցքը), որը տանում է դեպի անկլավացած Արցախ: Այս քայլը խախտել է 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերը, որով կարգավորում է մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը` դեպի Արցախ տանող միակ ճանապարհով։
Միջանցքը փակելուն զուգահեռ Ադրբեջանը խաթարում է հարևան Հայաստանից էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը։ Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գիծը ադրբեջանցիները կտրել են ու կանխել վառելիքի անցումը։ Արդյունքում Արցախում էներգիայի սպառումը կրկնակի կրճատվել է։ Էներգետիկ տնտեսությունը ստիպված է ապավինել տեղական արտադրական համակարգերին։ Ձմռան ցուրտ ամիսներին արցախցիները ստիպված էին երկար օրերով մնալ իրենց տներում՝ առանց ջեռուցման, երբ ջերմաստիճանը զրոյից ցածր էր։
Էներգիայի աղբյուրներից կախվածությունը առաջացրել է հիդրոէլեկտրակայանների գերօգտագործումը (որոնք աշխատում են ջրով), ինչը մի քանի ամսում առաջացրել է տարածաշրջանի ամենամեծ ջրային ավազանի՝ Սարսանգի լճի գրեթե ամբողջական չորացումը: Սա էկոլոգիական աղետ է, որն իր ազդեցությունն է թողնում կենդանիների, բույսերի, գյուղատնտեսության, հողերի և այլնի վրա:
Չնայած միջանցքի փակմանը, մինչև վերջերս թույլատրվում էր Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը, որոնք հիմնականում զբաղվում են ծանր հիվանդներին Հայաստան տարհանելու հարցերով։ Բացի այդ, հնարավոր դարձավ մատակարարման մեքենաների խիստ սահմանափակ տեղաշարժը ռուսական ռազմական ուժերի հովանու ներքո։ Սահմանափակ մատակարարումը պարունակում էր միայն նվազագույն քանակություն՝ համեմատած այն պաշարների հետ, որոնք մտել էին տարածաշրջան մինչև լրիվ պաշարումը, ինչի արդյունքում սննդամթերքի գները բարձրացան տասնյակ ու հարյուրավոր տոկոսով, շատ բնակիչների զրկելով պատշաճ և բավարար սննդակարգի հնարավորությունից:
Անցնող տարվա ապրիլին ադրբեջանական բանակը ռազմական անցակետ էր հիմնել երկրները բաժանող Հաքարի գետի կամրջի վրա, որը մինչ այդ վերահսկվում էր ռուսական ռազմական ուժերի կողմից։ Հունիսին ևս մեկ վատթարացում եղավ, երբ ադրբեջանական բանակը հերմետիկ փակեց Կարմիր խաչի մեքենաների և ռուսական մատակարարման մեքենաների միակ մուտքի միջանցքը։
Ռուսաստանի կառավարությունը, որը ներգրավված է Ուկրաինայում մարտերում, կարգադրել է տարածաշրջանում գտնվող իր զինվորներին խուսափել ադրբեջանցի զինվորների հետ բախումներից։ Արդյունքում ռուսական ուժերը կանգնած են և չեն կատարում երկրների միջև համաձայնագիրը, որը կարգավորում է մարդկանց և ապրանքների տեղաշարժը դեպի անկլավ և հակառակ ուղղությամբ։
Շրջափակումը շարունակվում է՝ չնայած միջազգային ճնշմանը, որը ներառում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեկտեմբերին կայացրած վճիռը, Հաագայի միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և իրավապաշտպան կազմակերպությունների բանաձևերն ու հայտարարությունները, ինչպիսիք են օրինակ Amnesty International, HRW և այլն:
Սննդի դեֆիցիտը գնալով սրվում է, հատկապես հաշվի առնելով, որ մինչ պաշարումը, սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից։ Վառելիքի և այլ անհրաժեշտ ռեսուրսների նվազման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները դադարեցվել են, ցորենի բերքահավաքի միայն մի մասն է իրականացվում` հսկայական դժվարություններով։
Վերջին օրերին վառելիքի խիստ սղության հետեւանքով արգելվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ ապրում է մոտ 60 հազար բնակիչ։ Տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայության պայմաններում գյուղմթերքը գյուղական շրջաններից հնարավոր չէ տեղափոխել մայրաքաղաք։
Դաշտերը մշակող ֆերմերները ենթարկվում են ադրբեջանական կողմից դիպուկահար կրակոցներին և ենթարկվում ոտնձգությունների։ Արդյունքում՝ ադրբեջանական բանակի դիրքերին հարակից մոտ 10 հազար դունամ (1000ք.մ) գյուղատնտեսական նշանակության հողեր ընդհանրապես չեն մշակվում։
Շրջափակումը, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները հանգեցրել են գործազրկության աճի, որը, ըստ պետության, հասել է 60%-ի: Հիմնական սննդամթերքի և վիտամինների պակասը տասնյակ հազարավոր մարդկանց թերսնման պատճառ է դարձել, այդ թվում՝ մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, ավելի քան 20000 մեծահասակ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդ: Բացի 120.000 շրջափակված բնակիչներից, արցախցի մոտ 30.000-ը, ովքեր այժմ գտնվում են սահմանից դուրս (հիմնականում հարևան Հայաստանում) չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Հազարավոր մարդիկ բաժանվել են իրենց ընտանիքներից, այդ թվում՝ երեխաներ և պատանիներ, ովքեր իրենց դպրոցից,մինչև պաշարումը մեկնել են Հայաստան և այժմ չեն կարող վերադառնալ իրենց տները։
Մինչդեռ Ադրբեջանում մամուլի ազատության միջազգային համաժողով է
Ի տարբերություն Արևմտյան ափում տեղի ունեցողի, անցյալ շաբաթավերջին Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը Շուշի քաղաքում անցկացրեց միջազգային մեդիա ֆորումի հավաք՝ «Նոր մեդիան չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով:
Շուշին Արցախի կենտրոնում է՝ Ստեփանկարտի վերևում գտնվող ժայռի վրա։ Ադրբեջանական բանակն այն տիրացել է մոտ երեք տարի առաջ։ Քաղաքի հայ բնակիչներին արգելել են վերադառնալ իրենց տները։ Շուշին այժմ հիմնականում օգտագործվում է որպես ադրբեջանական բանակի հսկիչ-հրամանատարական կետ։ Այն դարձել է Արցսխին մշտական սպառնալիքի կենտրոնն է։
Համաժողովին ներկա էին ավելի քան 250 մասնակից 50 երկրներից, 120 մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտող հայտարարություն է տարածել. «Համաժողովին մասնակցելը հակասում է մասնագիտական և մարդկային էթիկային, քանի որ այն անցկացվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա մի վայրից, որտեղ միջոցառման կազմակերպիչ Ադրբեջանի կառավարությունը ժխտում է տարրական մարդկային. իրավունքները»:
«Ցավոք, 250-ից ավելի լրագրողներ գերադասեցին ադրբեջանական կառավարության փայփայած հյուրընկալությունը օկուպացված հայկական Շուշի քաղաքում, երբ նրանց աչքի առաջ էթնիկ զտումներ են իրականացվում: Կարծես թե այս լրագրողները գերադասում են լռել։
«Մենք մեր զարմանքն ենք հայտնում, որ դուք, հարգելի գործընկերներ, մասնակցում եք մեդիա ֆորումի մի երկրում, որի նախագահը ճնշում է ազատ մամուլը, որտեղ ընդհանրապես խոսքի ազատություն չկա, որի ընդդիմադիր լրագրողները փախել են, փակված են բանտերում, կամ. հանձնվել են, այս պայմաններում դուք մեդիա ֆորում եք անցկացնում աշխարհի մամուլի ազատության օրը, երբ Ադրբեջանն ինքը մամուլի ազատության ոտնահարման խորհրդանիշ է»։
«Երկուշաբթի օրը Արցախի նախագահ Արայկ Հարությունյանի առցանց ասուլիսում, նա իր երկիրը հռչակեց աղետի գոտի։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։ Իր ելույթում նա հայտարարեց, որ իր երկիրն այժմ աշխարհում միակ վայրն է, որը գտնվում է լիակատար պաշարման և մեկուսացման մեջ, առանց մարդասիրական օգնության և միջազգային ներկայության։
Նրա խոսքով, եթե բնակիչներին անհապաղ միջազգային օգնություն չտրամադրվի, երկիրը կվերածվի մեկ մեծ համակենտրոնացման ճամբարի՝ դրանից բխող բոլոր սարսափելի հետեւանքներով։ Հարությունյանը Ադրբեջանի այն պնդումը, թե Արցախի հարցն իր ներքին խնդիրն է, համեմատեց Նյուրնբերգի դատավարության ժամանակ նացիստական պատերազմական հանցագործների փաստարկների հետ, ովքեր զանգվածային սպանությունները որակեցին որպես գերմանական ռեյխի ներքին գործեր։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը` չընդունել Ադրբեջանի դիրքորոշումը և հայտարարել, որ պետք է վճռական գործողություններ ձեռնարկել նախքան ցեղասպանական չափերի մեծ աղետը»: