Բաժիններ՝

«Թող մարզպետը գա կանգնի գյուղամեջ, պատասխան տա բնակիչներին, կարծես սուդանցի լինենք». Զանգակատան բնակիչների պահանջը

Այսօր վաղ առավոտից Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները հավաքվել են գյուղամիջում ու  պահանջում են մարզպետից՝ դադարեցնել ջրամբարից անթույլատրելի չափով ջրառի իրականացումը, քանի որ եղած ջուրն առանց այդ էլ չի բավարարում բնակիչներին։

168.am հետ զրույցում Զանգակատուն գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանը խնդրի մասին որոշ մանրամասներ հայտնեց, մասնավորապես, որ Զանգակատուն ու Վարդաշատ  գյուղերը ջրի մեկ չափաբաժին ունեն, Սևակավան համայնքն ու մարզպետը՝ ջրի այլ չափաբաժին։

«Ավելի կոնկրետ ասեմ, որ Սևակավանն ու մարզպետն իր խաղողի այգիները պետք է ջրի, ունեն 520 հազար խմ ջուր, Իսկ Զանգակատունն ու Վարդաշատն ունեն՝ 700 հազար խմ։ Այս տարի սակավ տարի էր, մենք սեղմելով-սեղմելով՝ օգտագործել ենք 50 հազարը, որպեսզի կարողանանք գոյատևենք։ Եթե խնձորի այգին հուլիս, օգոստոս ու սեպտեմբերի ամիսներին չոռոգվի, ապա մենք շուկա դուրս չենք գա, մեր սոցիալական խնդիրները չենք կարողանա լուծել։

Այսպիսով՝ Սևակավան համայնքը՝ մարզպետի ունեցած հողերի հետ միասին, օգտագործել են իրենց բաժին 520 հազարի փոխարեն, օգտագործել են 600 հազար խմ ջուր, այսինքն՝ մեզանից 80 հազար խմ ավելի ջուր են տարել։ Ասում են՝ ջուրն ամբողջովին պետք է բացվի, դուք էլ ջրեք, իրենք էլ ջրեն հողերը։ Եթե բացվի, ընդամենը հինգ օրում այդ ջուրը վերջանալու է, ու երկու համայնքներն էլ կչորանան»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Բնակչի խոսքով՝ եթե այդ ջուրն իրենց ձեռքից վերցնեն, կանգնելու են փաստի առաջ, ծառերի վրա բերքը չորանալու է։

Իսկ բնակիչների բարձրացրած խնդրի վերաբերյալ հենց մարզպետի բացատրություններն ու պարզաբանումները դեռևս հայտնի չեն: Հակոբ Սարգսյանն ասաց, որ մարզպետին չեն տեսել, որպեսզի կարողանան այդ թեմայի շուրջ զրուցել։

«Մարզպետն ընդամենը երեք օր առաջ է եկել գյուղ երևացող ասֆալտի համար, նայել է ու գնացել։ Թող մարզպետը գա կանգնի գյուղամեջ, պատասխան տա բնակիչներին, գոնե ասի՝ գիտե՞ք ինչ կա, ժողովուրդ, ձեզ ջուր չի հասնում, պետք է բացենք ու պրծնի, թող ուղիղ ասի։ Մենք էլ հասկանանք, որ այս մարդիկ մեզ ուղիղ խոսք ասացին, եկեք մի բան անենք՝ այս երկրից գնանք, սա էլ իրենց կողմից ռեալ տարբերակ եմ համարում։ Մարզպետը թող գա ու ժողովրդին պատասխան տա, նա ծանր մարզի մարզպետ է, չի՞ կարողանում գալ»,- հավելեց Հակոբ Սարգսյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սպասում են, որ պատկան մարմինները գան Զանգակատուն՝ սկսած մարզպետից մինչև ՋՕ-ի պետ՝ հարցը քննարկելու համար։

Միաժամանակ նա ընդգծեց, որ պատրաստ է մարզպետին ցույց տալ խնդրի լուծման տարբերակները։

«Եթե նա չգիտի այդ հարցի լուծման տարբերակները, ես իրեն կհուշեմ ու այս հարցը հիմնովին կլուծեմ։ Երեք տարի առաջ էլ եմ ասել, որ այս հարցը լուծվելու է, բայց ուղղակի իրենք ցանկություն չունեն լուծել, մեր այս համայնքները դրել են չորրորդ սորտի տեղ, կարծես սուդանցի լինենք։

Թեպետ ասացին, որ պատկան մարմիններից կգան, ես չեմ հավատում, մինչև իրենք չգան, կասկածում եմ, իրենք իմ կորցրածի համար ի՞նչ պատասխան պետք է տան։ Միայն մեկ բան կասեմ՝ գյուղում տեղամաս կա, որ մեկ անգամ չի ոռոգվել, դե պատկերացրեք, թե ինչ է նշանակում՝ օգոստոս ու ոչ մի անգամ ոռոգում, սա նույնիսկ Փարիզի բնակիչը կհասկանա»,- եզրափակեց Հակոբ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս