Ժաննա Անդրեասյանը Պյոտր Սկվեչինսկիին առաջարկել է քննարկել Լեհաստանի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական կենտրոն ստեղծելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր դիվանագիտական գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ մասնավորապես ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում։

«Լեհաստանի հետ արդեն իսկ ունենք համագործակցության թե՛ հաջողված փորձ, թե՛ մեծ պոտենցիալ: Մասնավորապես՝ համագործակցության մեծ հեռանկարներ կան բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես հետաքրքիր է բարձրագույն կրթության կառավարման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն՝ առաջարկելով քննարկել Լեհաստանի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական կենտրոն ստեղծելու հնարավորությունը, որը թույլ կտա նաև զարգացնել միջբուհական համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել նաև Լեհաստանում հայ մշակույթի օրերի և Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը, սպորտի ոլորտում՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկություն ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը: Նախարարն ընդգծել է՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը՝ երիտասարդության մասին օրենսդրության մշակման և մարզաբնակ երիտասարդների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման հարցերում լեհական փորձի ուսումնասիրման առումով:

Ոլորտային համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2023-2027 թվականների» գործնական ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ միջոցառումների իրականացման համար: Կողմերը կարևորել են հատկապես այն հանգամանքը, որ գործնական ծրագիրը ներառելու է նաև համալսարանական կրթաթոշակային փոխանակման ծրագիր իրականացնելու հնարավորություն:

ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել երկու ժողովուրդների միջև պատմական և դարավոր բարեկամության փաստը՝ հույս հայտնելով համագործակցության զարգացումն ու կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:

«Հետաքրքրված ենք հատկապես ուսանողների փոխանակության, Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման և երկու երկրներում մշակութային օրերի անցկացման հնարավորությամբ: Ուրախ կլինենք մեր երկրում ընդունել հայ երիտասարդներին՝ կրթական տարբեր մակարդակներում ուսանելու նպատակով: Առհասարակ, Լեհաստանում հայկական մեծ համայնք է գործում, որը պատմականորեն նշանակալի դերակատարություն է ունեցել մեր երկրի կյանքում»,- ասել է դեսպան Սկվեչինսկին:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ բուհերում լեհերենի ուսուցմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:

«Անելանելի վիճակում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար բնակիչները, որոնցից 30 հազարը երեխաներ են: Իրավիճակը ոչ այլ ինչ, քան էթնիկ զտումների քաղաքականություն անվանել չեմ կարող: Կարծում եմ՝ սա անթույլատրելի իրավիճակ է, և անհրաժեշտ է միջազգային կառույցների հասցեական արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքների ապահովման համար»:

Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Լեհաստանի կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Տեսանյութեր

Լրահոս