Վրացիներն ուկրաինացիներից 8 անգամ ավելի են ապաստան խնդրում Իռլանդիայում
Իռլանդիայի երեխաների, իրավահավասարության, հաշմանդամների, ինտեգրման և երիտասարդության դեպարտամենտը հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ Իռլանդիայում ապաստան հայցողների թվաքանակով առաջին տեղում են Վրաստանի քաղաքացիները: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ զեկույցի՝ Վրաստանից ապաստան հայցողների թիվը 8 անգամ գերազանցում է Ուկրաինայից ապաստան հայցողների թիվը։
Իռլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանից ապաստան հայցողների թվի կտրուկ աճը սկսվում է 2021 թվականից։ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Իռլանդիայում ապաստան է խնդրել Վրաստանի շուրջ 1 800 քաղաքացի, ինչը 8 անգամ ավելի է, քան 2021 թվականի ողջ ընթացքում Վրաստանի քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների թիվը։
Իռլանդիայի փախստականների խորհրդի տվյալներով, 2022 թվականին Վրաստանից հունվարից հուլիս ժամանած ապաստան հայցողների 20 տոկոսը դրական պատասխան է ստացել, 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 18 տոկոս։