«Արայիկ Հարությունյանը ծանր մրցակցության մեջ է Աննա Հակոբյանի հետ՝ երկրորդ տեղի համար». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ընկալումներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի թշնամիների շարքում երկրորդն է կամ երրորդը:
«Նա ծանր մրցակցության մեջ է Աննա Հակոբյանի հետ՝ երկրորդ տեղի համար: Նա հայ ժողովրդի թշնամիներից է, և այսօրվա Արցախի վիճակն իր գործունեության հետևանքներից է: Արցախի նախագահը Սահմանադրությամբ ունի լիազորություններ, որոնք պետք է կատարի, այլ ոչ թե անճարության մատնվի: Սահմանադրության մեջ գրված է, որ նա Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորն է, Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է: Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտվել է, ո՞վ է դա խախտել. Իմ հասկանալով՝ Նիկոլ Փաշինյանը: Արցախի նախագահը 2020թ. մինչև 2023թ. իր երկրի տարածքային ամբողջականությունը խախտող մարդու հետ ի՞նչ շփումների մեջ է եղել՝ գործընկերային հարաբերությունների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդը ողբերգության մեջ են, քանի որ երկու հայկական պետությունները ղեկավարում են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը. «Նրանց իրարից պետք չէ տարանջատել»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ասուլիսին, ապա Էդգար Ղազարյանն այն համարում է զազրախոսություն. «Դա ասուլիս չէր, քանի որ ասուլիսը թեմա, ժամանակային սահմանափակում և բովանդակություն է ունենում: Կա զազրախոսություն և կա ասուլիս. Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանդիպումները լրագրողների հետ՝ զազրախոսություններ են: Նա բոլոր թեմաների մասին խոսեց, անգամ իրենց բանջարաբոստանային կուլտուրաներից: Տեսնո՞ւմ եք՝ իր կինն ինչ շնորհքով հարսնություն է անում, չնայած՝ իր կնոջ աճեցրած բանջարաբոստանային կուլտուրաների մեկ ամսվա արժեքը 120 հազար դոլար է, որով կարելի է գնել մոտավորապես 260 կգ սև խավիար: Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցի պահպանման ծախսերն ամսական կազմում են 120 հազար դոլար. Նա այդ բանջարաբոստանային կուլտուրաներն աճեցրել է այդ տարածքում:
Ինչ վերաբերում է Փաշինյանի վտանգավոր ուղերձներին. նա ասում է, որ ինքը Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրի վարչապետն է, և պարզվում է, որ Հայաստանի քաղաքացիները չգիտեն՝ 29.800-ի մեջ Գորիսը մտնո՞ւմ է, թե՞ ոչ, Կապանը մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում: Այդ անտեր մնացած դեղերի ազդեցությունը որ թուլանում է, կորցնում է իրեն, ամեն ինչ ասում է, նա ասաց այն, ինչ հանձնելու է: Սիսիանն ու Գորիսը «Զանգեզուրի միջանցքն» է, Տավուշի մարզը 8 անկլավներից 7-ն է: Ենթագիտակցորեն Փաշինյանն ասաց, թե առաջիկայում ինչն է հանձնելու Ադրբեջանին: Եթե ինքը այդ 29.800-ի վարչապետն է, կարո՞ղ է այդ տարածքի Գորիս քաղաքից միջպետական ճանապարհով գնալ մարզկենտրոն: Իր կինը կարո՞ղ է գնալ և Ջերմուկի սարերում բանջար հավաքել, թե՞ կարող է հայտնվել «Կոմանդո» ջոկատի բունկերում և բարոյահոգեբանական աջակցություն տրամադրել ոչ թե 15 րոպե, այլ մի քիչ ավելի երկար»:
Էդգար Ղազարյանը նկատեց՝ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները մտածում են իրենց պետությունների զարգացման, անվտանգության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պետականության կորստի. «Փաշինյանը տրամադրված է մեր պետությունը հանձնել ադրբեջանաթուրքական տիրապետությանը: Միակ երաշխիքը, որ ինքը փորձում է ստանալ Ադրբեջանից, իր ֆիզիկական գոյության և իշխանության ղեկին մնալու երաշխիքն է: Ինքը չի իմանում, է, թե իր գլխին Ալիևն ինչ փորձանքներ է բերելու: Ինքը ասում է, որ ոչ միայն ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, այլև ասում է, որ դա տեղի է ունեցել 1991թ.:
Ալիևն ասում է, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, և դա եղել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայի հայտարարությամբ: Հայաստանը նույնիսկ հիմա չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որովհետև վավերացված միջազգային պայմանագիր չկա: Միայն Փաշինյանն է ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, և նա դա ճանաչում է ոչ թե հոկտեմբերի 6-ից հետո, այլ ասում է՝ դա այդպես է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով: Հիմա էլ Հռոմի ստատուտ են վավերացնում, որ Հաագայի քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի վրա տարածվի. Էլ չի իմանում, որ ինքը դրանով դատվելու է, Ալիևն իրեն հարցնելու է, չէ՞՝ էդ քո տղեն որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանո՞ւմ:
Ալիևն ասելու է՝ բա, եթե 1991թ. Արցախն Ադրբեջան է, քո որդին, որը նույնիսկ վիճակահանությամբ չի գնացել, կամավոր է գնացել, ինչո՞ւ էր Արցախում, կամ 2020թ. հոկտեմբերի 6-ին դու Ստեփանակերտում հրամանաշտաբային կետում ռազմական գործողությո՞ւն էիր պլանավորում, եկել էիր իմ երկրի տարածքում իմ երկրի դեմ ռազմական գործողությո՞ւն էիր պլանավորում, ռազմական հանցագործ: Ալիևն է դրան դատելու: Թող հլա վավերացնեն: Դրանք գիտեն՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո Պուտինին են բռնելու Երևանում, հլը տեղյակ չի, որ ինքն է դատվելու դրանով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում