«Եկել ենք այն եզրակացության, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, ոչ մի ազգային հարց չի լուծվելու, այդ թվում՝ նաև Արցախի». Ալյոշա Գաբրիելյան

Արցախի Հանրապետությունն արդեն 222 օր է՝ գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ՝ 120 հազար արցախահայեր հումանիտար աղետի մեջ են։ Ադրբեջանական այս գործողությունների դեմ ուղղված՝ Արցախում հուլիսի 14-ին մեկնարկել է բողոքի ակցիա՝ պահանջելով՝ նախ բացել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, և վերջ դնել ադրբեջանական ագրեսիային, որն ուղղված է խաղաղ բնակիչներին։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նախ ասաց, որ մտահոգություն բոլորի մոտ կա, իսկ մեկնարկած շարժումը դեռևս այնպես չի ձևավորվել, ինչպես պատկերացնում էին։

«Տարբեր հոսանքներ ու ուղղություններ կան, բայց կոնկրետ միաբանվելու ու միավորվելու պահանջ կա։

Հիմա գնում եմ «Ավագների խորհուրդ» հասարակական կազմակերպություն, որի անդամները հիմնականում պետության համար անկյունաքար դրած շարժման ակտիվիստներ են, նրանք պարբերաբար հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների հետ։ Այսօր մենք ծաղկաքաղ ենք անում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք ավելի շատ միավորել մեր հասարակությանն ու բնակչությանը։

Կարդացեք նաև

Հասկանում ենք, լավ թե վատ, Արցախում շարժում գոյություն ունի, մարդիկ ակտիվ են, որևէ մեկը չի մտածում այստեղից գնալու կամ թուրքին ենթարկվելու, ինտեգրվելու մասին»,- նշեց Ալյոշա Գաբրիելյանը։

Նա դժվարացավ ասել, թե ինչու ամբողջ Հայաստանը ոտքի չի կանգնում, չի միաբանվում, թեպետ վստահ է, որ այդ գործում իշխանություններն իրենց սև գործն արել են։

«Տեսեք, հակասություն է ստեղծվում՝ Արցախում այս շարժման հիմնական նախաձեռնողն իշխանությունն է, այդտեղի իշխանությունը ոչինչ չի անում։ Ուղղակի մենք սպասում ենք, որ մեր իշխանությունը երբևէ թթու խոսք կասի ՀՀ իշխանությունների, ՔՊ-ականների, հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սակայն չեն անում, սա տարակուսանք է պատճառում՝ ինչպես արցախցիներին, այնպես էլ՝ երևի հայաստանաբնակներին։

Մենք եկել ենք այն եզրակացության, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, ոչ մի ազգային հարց չի լուծվելու, այդ թվում՝ նաև Արցախի, ինչպես նաև՝ մեր Հայաստան պետության ամրացման»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ալյոշա Գաբրիելյանը վստահ է, որ եթե ամբողջ հայությունը ոտքի կանգնի, անկախ նրանից, թե ինչ վիճակում է գտնվում Արցախը, հաջողության կհասնեն։

«Ցավոք, այսօր Հայաստանի իշխանության սրտով է, որ նման բան տեղի չի ունենում, ուզում է բաժան-բաժան անել, բնական է, դրա համար էլ միասնականություն չի ապահովում։

Ինչ վերաբերում է 1988 թվականի մեր շարժմանը, ապա այն ժամանակ ակտիվիստ էր՝ որպես Ասկերանի նախաձեռնող խմբի անդամ։ 1988 թվականին գաղափար կար, ժողովրդի մեջ պաթոս կար, նաև կարևոր հանգամանք կար՝ Մայր Հայաստանին  միավորվելու ցանկություն կար, դա հայության փափագն էր։ Այն շարժումը, որը սկսվեց Արցախում, հետո թափ առավ ու լայնամասշտաբ շարժման հասավ Երևանում, խոսում էր այն մասին, որ մենք միավորվելու ցանկություն ունենք, ցավոք, հետագայում այդ գաղափարն իշխանությունները կոտրեցին։

Այսօր մեր գաղափարն Արցախի փրկությունն է, որին, փաստորեն, ՀՀ իշխանությունը դավաճանել է, և միավորող հույս չկա։ Երբ շարժումը սկսվեց, հետո եղան պատերազմական գործողություններ, այստեղ չէինք կարող միայնակ հաղթանակ տանել, եթե Հայաստանից ջոկատներ չգային։ Պատկերացրեք, թե ինչ ահռելի օգնություն ստացանք և միասնաբար հաղթանակ տարանք»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ, Արցախի հաղթանակը համահայկական էր, ազգի զարթոնքն էր, որն այսօր չկա, ու Արցախը միայնակ է մնացել։

«Մենք Հայաստանի շունչը, օգնությունը չենք տեսնում։ Այն ժամանակ երբ միացնում էինք ռադիոն ու մեր մասին լսում էինք ոգևորող խոսքեր սփյուռքից ու Հայաստանից, ավելի էինք ոգևորվում, ցավոք, այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ»,- եզրափակեց Ալյոշա Գաբրիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս