Տիկի՛ն Էռատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան. Արցախի ԱԺ պատգամավոր
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նելա Գրիգորյանը խոսքն ուղղելով հայությանը՝ ասաց՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, Արցախից հրաժարվելով՝ Հայաստանի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ՝ վատթարագույն սցենարով։
«Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին։ Միասին հայերով՝ անկախ բնակության վայրից, սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար որևէ դեպքում չի կարող ընդունելի համարվել, իսկ դրա մասին խոսելն ինքնին հանցագործություն է։ Պետական դավաճանություն և վերջապես անպատիվ ու անշնորհակալ վերաբերմունք, արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և առհասարակ հայ ազգի նկատմամբ»,- իր խոսքում նշեց Նելա Գրիգորյանը։
Ըստ պատգամավորի՝ պետք է ամեն գնով պայքարել ու բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որևէ կերպ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
«Վերջապես եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, երբ թուրքն ու ադրբեջանցին էին մեզանից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ ու դրանից անվախ էինք, իսկ հիմա ի՞նչ։ Այո՛, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի, և չկա Արցախ առանց Հայաստանի։ Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել հայրենիքը և հերոսների պատիվը, սա պետք է լինի մեր օրվա հրամայականը և վերջապես սա պետք է լինի հայի տեսակը։
Այս բարդ ու ճակատագրական ժամանակներում մենք չպետք է անտարբեր մնանք ո՛չ Նիկոլի, և ո՛չ էլ նրա խունտայի, երեկ Արաբաթ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է… վայ Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։
Արցախի թուրքացման ծրագիրն իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը»,- հավելեց արցախցի պատգամավորը։
Նա հայությանն արթնանալու կոչ արեց՝ ընդգծելով, որ աղետի եզրին են, ոչնչացման սպառնալիքի տակ։
«Իսկ Փաշինյանը՝ նա և իր Էռատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի վրա, ում կարծիքով՝ բանջարեղենը հոգնակի թվով՝ օգտագործում է «բանջարեղեններ»։ Տիկի՛ն Էռատո, վերջապես կողմնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք, թե ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում