Ռուս-իրանական տանդեմն ուղղված է անգլոսաքսոնական ուժերի դեմ. որքան վիճակը թեժանում է, ՌԴ-ի հաղթելու շանսերը մեծանում են. Հարություն Մեսրոբյան

«Ռուսաստանը սարսափելի ներքին խնդիրներ ունի. ես դա չեմ էլ վիճարկում, բայց Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր մեզ համար շատ կարևոր՝ Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմաքաղաքական տանդեմ ձևավորվեց: Ի վերջո, այդ տանդեմն ուղղված է անգլոսաքսոնական ուժերի դեմ, որտեղ առաջնորդներն են Անգլիան և ԱՄՆ-ը՝ հենց այդ հաջորդականությամբ, և նրանց խամաճիկ եվրոպական պետությունները»,- 168.am«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը։

Նրա խոսքով՝ պատմության մեջ 5 դար Ռուսական և Անգլոսաքսոնական կայսրություններն առճակատման մեջ են պարբերաբար, և հիմա նրանց միջև հերթական առճակատման փուլն է:

«Սկզբից միշտ հաղթել է անգլոսաքսոնական կողմը, բայց որքան վիճակը թեժացել է, այնքան ռուսների հաղթելու հավանականությունը մեծացել է: Անգլոսաքսոնական կառավարման ձևն աշխարհում ամենահզորն է, բայց անգլոսաքսերը մի հատ լուրջ խնդիր ունեն: Ընդ որում, որտեղ ուժեղ են անգլոսաքսերը, թույլ են ռուսները, և հակառակը»,- ասաց կառավարման մասնագետը:

Հարություն Մեսրոբյանը նշեց՝ երբ վիճակը թեժ չէ, անգլոսաքսերն իրենց անալիտիկ մտածողության շնորհիվ հաղթում են, իսկ երբ վիճակը թեժանում է, ուժեղանում են ռուսները՝ իրենց սինթետիկ մտածողության շնորհիվ:

Կարդացեք նաև

«Պատերազմի ժամանակ անգլոսաքսոններն ուժեղացնում են ԼԳԲՏ գործոնը, իսկ ռուսները վրա-վրա ընդունում են օրենքներ դրա դեմ: Արդեն գնում է քաղաքակրթական պատերազմ, և քանի որ առճակատումը գնալով թեժանում է, ուժեղանում է սինթետիկ՝ իգական մտածելակերպը՝ ուժեղացնելով Ռուսաստանը: Եթե ուզում եք Ռուսաստանը ոչնչացնել, փշի-փշի արեք նրան: Այդ դեպքում Ռուսաստանը միանշանակ կպարտվի: Բայց քանի որ պրոցեսն արդեն գլոբալ է և քաղաքակրթական, սկսում է հաղթել Ռուսաստանը: 5 դարի փորձն է դա ասում»,- ասաց նա:

Կառավարման մասնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այժմ Ռուսաստանին են հարում տարբեր պետություններ՝ Բրազիլիա, Արգենտինա, Արաբական և Աֆրիկյան աշխարհները, Հնդկաստանը, Չինաստանը:

«Այսինքն՝ Ռուսաստանի շուրջ ստեղծվում է թե՛ տնտեսական, և թե՛ ռազմական իմաստով մի շատ վտանգավոր հակաանգլոսաքսոնական բևեռ: Ու վտանգը կայանում է նրանում, որ դա կարող է վերաճել տաք միջուկային պատերազմի: Մենք հիմա դրա եզրին ենք: Հին կայսրություններ Իրանը, Չինաստանը հարում են Ռուսաստանին, Արևմուտքի կողքին, սակայն, ոչ մի կայսրություն չկա: Պահպանողական ուժերը սկսում են մոտենալ Ռուսաստանին, քայքայվող ուժերը՝ ԼԳԲՏ և այլն, դեմոկրատական սուտ լոզունգներով կենտրոնանում են անգլոսաքսերի մոտ: Սա արդեն քաղաքակրթակահ, կառավարչական և արժեհամակարգային պատերազմ է»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Վերջինս նկատեց նաև՝ այս պայմաններում՝ Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, մենք բռնել ենք Արևմուտքի կողմը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս