Սրանք ապիկար չեն, գործում են ճշգրիտ ծրագրով, որի արդյունքը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի փլուզումն է․ Տիրան Լոքմագյոզյան
Այս հինգ տարվա ընթացքում մի շարք խայտառակությունների ականատես եղանք։ Օրինակ, երբ Սյունիքում բացվում էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը, հյուպատոսը հայ ժողովրդին կոչ արեց չվախենալ, քանի որ իրենք այնտեղ են։ Այսինքն, մեր պետությունը գոյություն չունի, և Իրանի հյուպատոսը հասկացրեց, որ քանի դեռ մեր պետությունը մեզ չի պաշտպանում, իրենք կպաշտպանեն։ Սա խայտառակությունների շարան է, այս կառավարության գործունեությունն ու խոսույթը խայտառակություն է։ Փաշինյանի՝ Արարատի կամ զինանշանի մասին խոսքերը ևս այդ շարքից են, ի՞նչ է նշանակում՝ մեր զինանշանը համահունչ չէ այսօրվա իրողություններին։ Վերջերս ԿԳՄՍ նախարարն էլ վերահաստատեց դա, այսինքն՝ սա ծրագիր է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
«Ծրագրի սկիզբն այն էր, որ այս կառավարությունը բերվեց իշխանության։ Քաղաքականության մեջ պատահականություններ չկան, չարժե դա վերագրել պատահական երևույթների, ամեն ինչ օրինաչափ է։ Ե՛վ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայից այստեղ գալը, ապա և գործն ավարտելուց հետո՝ հեռանալը, և՛ այս կառավարության գալը, և՛ նոր նախագահի ընտրությունը, այս ամենը չափած-ձևած է և ըստ ծրագրի գնում է։ Սրանք շատ լավ են կատարում իրենց ծրագիրը, հատկապես վերին օղակները՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Ոմանք մոլորությամբ պնդում են, թե սրանք սխալներ են անում, վատ են աշխատում, ապիկար ու խեղճ են, նրանց գրպանը գցեցին, անգամ որոշ քաղաքագետներ փորձում են նրանց խորհուրդներ տալ, ճիշտը ցույց տալ։ Բայց չէ՞ որ նրանք գիտակցաբար են գործում, սա սխալների շարան կամ ապիկարություն չէ, այլ ճշգրիտ կազմված ծրագրի գործադրում է»,- ասաց թուրքագետը:
«Այս ամենի ավարտը պետության փլուզումն է, Հայաստանի կործանումը։ Սրանք եկան ոչ միայն Արցախի հանձնման համար, այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում՝ հինգ տարի է՝ պայքար է գնում ամեն ազգայինի դեմ՝ լեզվի, պատմության, եկեղեցու։ Եկեղեցին՝ որպես կառույց, մեր ամենակարևոր ազգային սյուներից մեկն է, և պատահական չէ, որ սրանցից մեկը հենց առաջին օրերին ասաց, որ եկեղեցին՝ որպես կառույց, պետք է վերանա։ Պատահական չէր, որ այդ օրերին հայտարարում էին, թե մարիխուանան պետք է օրինականացնեն։ Այսօր այն դեռևս օրինականացված չէ, սակայն հենց իրենք են ընդունում, որ թմրաշրջանառությունը հարյուրապատկվել է, և հավաքույթներն էլ չեն անցնում առանց թմրանյութերի։ Բա դուք ինչի՞ համար եք՝ ո՞վ պիտի կանխի այդ ամենը, եթե դուք եք կառավարությունը»,- նշեց Լոքմագյոզյանը:
Թուրքագետի պնդմամբ՝ թուրքերն արդեն հաշվարկում են, որ ռուսներն ամենաուշը պիտի 2025-ին լքեն Արցախը, եթե, իհարկե, մինչ այդ չհաջողվի նրանց հանել այդտեղից. «Թուրքերը միաժամանակ հասկանում են, որ ռուսներն այդքան հեշտությամբ չեն լքի այս տարածաշրջանը, և դա մեր բախտավորությունն է։ Ռուսաստանն ինչ-որ բան կծրագրի, որ ավելի երկար մնա այստեղ։ Կար հաշվարկ, որ դեռևս 2022-ի մարտին Փաշինյանը պիտի հանձնած լիներ ամեն ինչ, ավարտին հասցներ իր գործն ու հեռանար։ Սակայն խանգարող տարրեր կան՝ Ռուսաստանն ու Իրանը, այդ պատճառով այս գործընթացը ձգձգվում է։ Այնպես չէ, որ մենք ենք ուշացնում, մենք այստեղ գոյություն չունենք, այլևս սուբյեկտ չենք, մեր կառավարությունը հասցրել է դրան։ Արցախը հանձնելուց հետո հերթը հասնելու է Սյունիքին»:
«Թուրքիան մեր առջև պահանջներ ու նախապայմաններ է դնում, դրանք դրել է երեսուն տարի շարունակ։ Սակայն մեր նախկին իշխանությունները չէին ընդունում այդ նախապայմանները, անգամ մեկ գյուղ չէին հանձնում և ճիշտ էին անում, քանի որ այդ դեպքում թուրքն ուզելու էր երկրորդ գյուղը, երրորդը, և այդպես շարունակ։ Թուրքի ախորժակն ուտելիս է բացվում, դա նրա բնավորությունն է։ Իշխանությունը պետք է իմանա սա, որ գնա ու բանակցի նրանց հետ։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նախկինում չստացվեցին, բայց նախկինները գոնե ոչինչ չզիջեցին, ամուր կանգնեցին։ Հիմա թուրքերը երեք նախապայման ունեն՝ Արցախի հանձնում, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում և Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի ճանաչում։ Մեր բոլոր նախորդ կառավարություններն ընդդիմացել են այս պահանջներին, իսկ քանի որ սրանք համաձայն են, թուրքերն ամեն անգամ նոր նախապայմաններ են առաջադրում»,- ամփոփեց Տիրան Լոքմագյոզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: