
ՔՊ-ական 62 պատգամավորի «կողմ» քվեարկությամբ Թագուհի Թովմասյանը զրկվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այլևս Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չէ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների քվեարկությամբ դադարեցրեց նրա լիազորություններն այդ պաշտոնում:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 1 պատգամավոր:
Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր Հովիկ Աղազարյանը:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին հարցի քննարկմանը, իշխանական պատգամավորներն էլ հիմնական զեկուցողին հարցեր չտվեցին և ելույթներ չունեցան:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նման որոշման նախագիծը համարեց հիմնազուրկ, որևէ փաստարկ չունեցող: