Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան կալանավորելու հրամանը եկել է իշխող ուժի գլխավորից. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը չի հավատում, որ Հայաստանի այսօրվա դատական համակարգի պայմաններում հնարավոր կլինի հասնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի արդարացմանը։
«Չեմ հավատում ու չեմ վստահում այսօրվա դատական համակարգին, ինչպես չեմ հավատում ու վստահում ներկա իշխանությունների իշխանության որևէ ճյուղի օբյեկտիվությանը, լինի նախագահի ինստիտուտը, ԱԺ կամ Կառավարություն, Սահմանադրական դատարան, դատարան, թե Վերաքննիչ դատարան, և այլն։ Ոչ մեկին չեմ վստահում ու չեմ հավատում, որ դատարանների միջոցով հնարավոր կլինի արդարացնել Արմեն Աշոտյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։
Շարունակելով միտքը, Ռուբեն Մխիթարյանն ընդգծեց՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։
«Արմեն Աշոտյանին բանտարկելու հրահանգը միանշանակ եկել է իշխող ուժի գլխավորից։ Կարող էր որոշումը լինել 2 ամիս առաջ, կես տարի առաջ և այլն, այնպես որ, տրամաբանություն փնտրել իշխող ուժի քայլերի ու գործողությունների մեջ, անշնորհակալ աշխատանք է։ Այս իշխանությունն անտրամաբանական է հայ ժողովրդի, հայ ազգի ու հայկական պետականության հանդեպ՝ հայության շահերից ելնելով: Փոխարենը՝ տրամաբանական քայլեր է իրականացնում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդի շահերից ելնելով»,- եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ կալանավորվեց և տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ։