
Զելենսկին Սոֆիայում բանակցություններ է վարել Բուլղարիայի վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Մեր բանակցությունների հիմնական առանցքը, իհարկե, մեր երկրների և մեր ողջ Եվրոպայի անվտանգությունն է, պաշտպանության ոլորտում աջակցությունն ու համագործակցությունը։ Հիմնական առաջնահերթությունը էներգիան է և մեր միասնության ամրապնդումը Եվրոպայում», – նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ Սոֆիայում բանակցություններ կվարի նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, կառավարության պաշտոնյաների, խորհրդարանականների, քաղաքական գործիչների և լրագրողների հետ։
Քննարկումների թեմաներն ընդգրկում են պաշտպանության ոլորտում աջակցությունը, եվրաատլանտյան ինտեգրումը, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, անվտանգության երաշխիքները։