Փաշինյանը կալանավորվելու է. գալու է այդ երանելի ժամանակը, իսկ այդժամ նրա համար ցույց անող չի՛ լինելու. Հայկ Մամիջանյան
Հուլիսի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում նշվում է՝ որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր, ինչի կապակցությամբ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը, որում, մասնավորապես, ասված է.
«Սահմանադրությունը բոլոր մարդկանց, կազմակերպությունների, պետական կառույցների հարաբերությունների մասին է, և երկրում որևէ անհատի, խմբի, կազմակերպության և կառույցի գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը: Այստեղից էլ բառը՝ սահմանա/դրություն: Այն ցույց է տալիս պետության և անհատի գործունեության թույլատրելիի սահմանը»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խոսելով ուղերձում արված շեշտադրումների մասին, ասաց՝ Սահմանադրության վերաբերյալ նման բառեր է արտաբերում մի մարդ, որի պաշտոնավարման ժամանակաշրջանում «բռնաբարվել է» նույն Սահմանադրությունը, դրանից բացի՝ այդ բառերն արտաբերած մարդը տարբեր տրամաչափի խոսնակների միջոցով աշխարհի տարբեր երկրներում տարածում է, թե այն հայրենավաճառությունը, որն ինքը պատրաստվում է անել՝ հանձնել Արցախը, չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը, որի անքակտելի մասն է կազմում Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող Հայաստանի անկախության հռչակագիրը։
«Չնայած՝ Փաշինյանի կողմից սևով սպիտակի վրա գրված Մայր օրենքը ինչ-որ հիմար մեկնաբանությունների ենթարկելը չի զարմացնում»,– ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ փաշինյանական Հայաստանում Սահմանադրության, դատական իշխանության անկախության մասին խոսելը ծիծաղելի է։
Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, և այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Թող գնա այդ հեքիաթները պատմի Արմեն Գրիգորյանի հարազատներին, որին սպանեց դատարանի դահլիճում, թող գնա Արմեն Աշոտյանի տղաներին պատմի, որոնք հորը տեսնելու հնարավորություն չունեն, որոնց հայրը քաղբանտարկյալ է և ճաղերի հետևում է գտնվում մի պատճառով՝ հայրենասեր է, թող գնա պատմի այն տղաներին, որոնց ծեծի է ենթարկել այն ժամանակ մարզպետ, իսկ հիմա ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, հիմա դեպքերի հետ կապված անձանց փորձում են տանել սուտ մատնությամբ: Թող պատմի այդ հեքիաթները այն բոլոր մարդկանց, որոնց, իբր թե, դավաճանության հոդվածով Հ1-ի և Քննչականի շոուով բռնեցին, հետո գործը կարճվեց: Լավ, մարդ որքա՞ն պետք է բարոյականությունից զուրկ լինի, որ 4-5 լայք հավաքելու համար բանակը պիտակավորի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանի կարծիքով՝ ոչ թե պիտակավորում է, այլ իրերն անվանում իրենց անուններով, Մամիջանյանը պատասխանեց.
«Իրերն անվանենք իրենց անուններով. Նիկոլ Վովայի Փաշինյանը դավաճան է, նա ոչ միայն իրավունք չունի Կառավարության շենքում նստելու, այլ նաև ազատության մեջ գտնվելու։ Ես երաշխավորում եմ՝ շուտով գալու է այն երանելի օրը, երբ Փաշինյանը կկալանավորվի՝ 10-ից ավելի հոդվածով, բայց այդ ժամանակ նրա համար ոչ ոք չի գալու ցույցի, որովհետև նրա կողքը կանգնելը հիմա էլ է ամոթ, իսկ այն ժամանակ պետական ապարատը ռեպրեսիաների էլ չի՛ դիմելու»,- ասաց Մամիջանյանը։
Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում։