Հայաստանի ներկայիս Կառավարությունն ուշադրություն է դարձնում գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին. Վահագն Խաչատուրյանը ՝ Լիտվայի դեսպան հետ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
«Մեր երկու երկրների համագործակցությունն ընդգրկում է բավական լայն շրջանակ և վստահ եմ, որ Ձեր նշանակմամբ մենք իսկապես ավելի կակտիվացնենք և կընդլայնենք այդ շրջանակը: Ուստի, մեր անելիքները շատ են: Ուրախ եմ Ձեր նշանակման կապակցությամբ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ»,- ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ասել է նախագահ Խաչատուրյանը:
Դեսպան Անդրիուս Պուլոկասը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.
«Ինձ համար հատուկ առաքելություն է մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները և գործակցությունն ավելի համապարփակ ու տեսանելի դարձնելը մեր ժողովուրդների և հասարակության համար»:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև ՀՀ-ի անկախացումից ի վեր հաստատված բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Նախագահը մասնավորապես կարևորել է երկու երկրների արդյունավետ համագործակցությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության շրջանակներում:
Նորանշանակ դեսպանն իր խոսքում անդրադառնալով հայ-լիտվական սերտ համագործակցությանը, նշել է, որ տարեսկզբին նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Լիտվա նկատելիորեն խթանել է երկու երկրների առևտրատնտեսական, գործարար և այլ շրջանակների փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին կյանքում իրականացված և ընթացիկ բարեփոխումների, տնտեսության ոլորտում շարունակական փոփոխությունների և ճկուն զարգացումների վերաբերյալ: Նախագահն ընդգծել է, որ ներկայիս Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին, ինչը ևս մեկ հնարավորություն է նշված բնագավառներում արդյունավետ փոխգործակցության և լիտվական լավագույն փորձի կիրառման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցերն ու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելություններն ու դրանց արդյունքում բազմաշերտ համագործակցության խթանումը: