Չեչնիայում ծեծի են ենթարկել լրագրողի և փաստաբանի․ Պուտինին զեկուցել են միջադեպի մասին
Չեչնիայում «Новая газета»-ի լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա հարձակումը լուրջ միջադեպ է։ ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան զբաղվում է այդ հարցով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են միջադեպի մասին։
Իր հերթին, Մոսկալկովան հայտնել է, որ Չեչնիայի իր գործընկերոջը խնդրել է լրագրող Ելենա Միլաշինային ուղեկցել Բեսլան, ուր նա ցանկանում էր մեկնել։ Տուժածներին արդեն տեղափոխել են Բեսլան։ Հյուսիսային Օսիայի մարդու իրավունքների պաշտպան Թամերլան Ցոգոևի խոսքով՝ երկուսն էլ բազմաթիվ կոտրվածքներ ունեն։ Բացի այդ, փաստաբանը դանակահարվել է։ Մոսկալկովան միջադեպի առնչությամբ դիմումներ է ուղարկել Չեչնիայի քննչական կոմիտե, ՆԳՆ և դատախազություն։
Ինչպես հայտնել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը, զինված անձինք հարձակվել են Նեմովի և Միլաշինայի վրա, երբ նրանք մեկնելիս են եղել Գրոզնիի օդանավակայանից։ Նրանք ծեծի են ենթարկել փաստաբանին և լրագրողին, վերցրել և ոչնչացրել են նրանց փաստաթղթերը և տեխնիկան։ Ըստ իրավապաշտպանների՝ Միլաշինայի մատները կոտրված են, ամբողջ մարմինը կապտուկների մեջ է, և նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը։ Նեմովի ոտքն էլ վնասված է, ենթադրաբար, դանակահարության հետևանքով։
Ըստ իրավապաշտպանների՝ լրագրողին և փաստաբանին ծեծի են ենթարկել նրանց մասնագիտական գործունեության համար։
Նեմովն ու Միլաշինան մեկնել էին Գրոզնի՝ Չեչնիայի գերագույն դատարանի նախկին դատավորի կնոջ՝ Զարեմա Մուսաևայի դատավարությանը։ Արդյունքում Նեմովը չի կարողացել ներկա գտնվել իր պաշտպանյալի դատավճռին։ Նրա բացակայությամբ Զարեմա Մուսաևան դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։
Ելենա Միլաշինան երկար տարիներ աշխատել է «Новая газета»-ում (մինչև պարբերականի գործունեության դադարեցումը Ռուսաստանում), նա մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ։ Նրա հրապարակումների մեծ մասը կապված է Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման հետ։