Եվ դուք, ԲԴԽ-ի անդամներ, այդ հարցազրույցի համար դադարեցնո՞ւմ եք Դավիթ Հարությունյանի լիազորությունները. Հոգով ստրուկները
Այսպիսով, Բարձրագույն Դատական Խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցը դադարեցրեց մի քանի դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։Այդ դատավորներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։ Այսօր հատուկ լսեցի դատավոր Դավիթ Հարությունյանի ս․թ․ ապրիլի 7-ին տված հարցազրույցը, որն էլ պատճառ է հանդիսացել, որ Արդարադատության նախարարություն կոչվող կառույցի ղեկավարը, միջնորդի ԲԴԽ-ին, կարգապահական վարույթ իրականացնել դատավորի նկատմամբ։
Եվ դուք, ԲԴԽ-ի անդամներ, այդ հարզազրույցի համար, դադարեցնո՞ւմ եք Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Հարցազրույցը լսելուց հետո, նույնիսկ ոչ իրավաբան,օրենքներից անտեղյակ, բայց մի փոքր տրամաբանություն ունեցող որևէ մարդ չի հասկանա, թե ինչ է կատարվում «ժողովրդավարական» Հայաստանում։
Իսկ իրականում կատարվում են հերթական քայլերը՝ վերջնական բռնապետություն հաստատելու համար։ Այն, որ 2018թ. Հայաստանում իշխանությունը զավթած վարչապետ կոչեցյալը, քայլ առ քայլ գնում է բռնապետություն հաստատելու ճանապարհով, կարծում եմ՝ կասկածողներ չկան։
Բռնապետություն, նշանակում է մեկ կուսակցության, զինվորական խմբակի, մեկ անձի կամ ընտանիքի բացարձակ իշխանություն, որտեղ բնականաբար գոյություն չունի իրական դատաիրավական համակարգ։ Այժմ չթվարկենք 2018թ. սկիզբ առած, առանց այն էլ լիովին չկայացած, դատաիրավական համակարգի ջախջախումը։
Այն, որ իշխանությունը զավթած վարչապետ կոչեցյալն ուներ բռնապետի հատկություններ, գիտեին նրա հետ առավել սերտորեն շփված, աշխատած մարդիկ, սակայն, ինչպես ասում են՝ կույր պետք էր լինել չնկատելու համար 2018թ․ սկսված նրա հետևողական քայլերը։
Լավ, Հայաստանում հայտնվեց մեկը, որն այդպիսին է, որը չի խորշում ոչնչից, պատրաստ է ամեն ինչ զոհել՝ հանուն անձնական իշխանության, բա մյուսնե՞րը՝ նրան հավատարիմ սպասարկող մարդուկները։ Օրինակ, այսօրվա այս հոդվածի առիթ դարձած ԲԴԽ անդամները։ Նրանք բոլորն ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, շատերը գիտությունների թեկնածու, դոկտորներ, դասախոսներ են, ոմանք որպես դատավոր՝ երդում ընդունածներ։ Եվ այս մարդուկները լսարանում դասախոսում են՝իրավունք, օրենք, իրավական պետություն, իշխանության տարանջատում, իսկ իրական կյանքում՝ ջախջախում են իրենց իսկ սերտած «սկզբունքները», հանուն անձնական բարեկեցության։ Այդ ԲԴԽ անդամներից ոմանց անձամբ ճանաչել եմ, զրուցել ենք այդ նույն թեմաներից, Հայաստանի դատաիրավական համակարգի թերություններից և ինձ թվացել է, թե նրանք սկզբունքային մասնագետներ են։
Ի՞նչ ասես, որ այդ ԲԴԽ կոչվող կառույցի ղեկավարի քծնանքի ռեկորդը մնում է անգերազանցելի, երբ նալինելով Արդարադատության նախարար, «ազնվանում» էր իր ստրկատիրոջ նկարին նայելիս։
Դեռ մի կողմ թողնենք վարչապետ կոչեցյալի բռնապետական հակումները։Գոնե, որպես բռնապետ, նա երկիրը հզորացներ, հաղթեր պատերազմում, սոցիալական հարցեր լուծեր, թեկուզ իր անձնական փառասիրության համար։ Ի տարբերություն, շատ բռնապետների, նա հրահրեց կործանարար պատերազմ, զոհաբերեց «հանուն ոչնչի», իրականում՝ հանուն իր տված խոստման, հազարավոր կյանքեր, ուրացավ հայոց Արցախ նահանգը, շարունակում է հայրենիքի վաճառքը։ Եվ դուք, բոլորդ, ա՛յ ԲԴԽ անդամներ, հավատարմորեն ծառայելով նրան, մասնակից եք այդ ամենին։