«ՔՊ-ականների բարձր տրամադրությունն ու պարապ ժամանակը չունեմ՝ Արցախում ամեն բան ծանր վիճակում է, համատարած լռություն է». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի հերյուրանքներին այլևս չի պատասխանի, քանի որ ցանկություն չունի պատասխանել Արցախը հանձնողի որևէ հայտարարության։
«Հունիսի 29-ին Արցախի ԱԺ նիստն էր, որտեղ ներկա էր Արցախի նախագահը, այնտեղ մտքերի փոխանակման ժամանակ, Արցախի նախագահի հետ հարցուպատասխանից հետո, ի պատասխան ինձ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խոսում է իր հարաբերությունների մասին՝ ՀՀ իշխանությունների հետ։ Ես առաջարկում եմ ուղղակի դա նայել։
Ես չունեմ այն բարձր տրամադրությունը, որն ունեն ՀՀ-ում ՔՊ-ականները, այն պարապ ժամանակը, որն ունեն իրենք, քանի որ Արցախում ամեն բան ծանր վիճակում է, համատարած լռություն է։ Սրանով, կարծում եմ՝ ամեն բան ասված է։ Եվ այս պայմաններում անդրադառնամ իրականում նման ցածր մակարդակի խոսակցությունների՝ անիմաստ է։ Հենց Ալեն Սիմոնյանն է իր իսկ հարցին պատասխան տվել, երբ սկզբում ասում է, թե Արցախի իշխանությունների հետ ամենօրյա կապի մեջ են, իսկ վերջին հատվածում էլ, թե՝ փետրվարից սպասում են Արցախից զանգի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ ՀՀ իշխանությունները բոլոր հարցերում անլուրջ են, միայն մեկ հարցում են լուրջ՝ Արցախի հանձնման գործում։
Ինչ վերաբերում է Արցախի սահմաններին զոհված երկու զինծառայողների հուղարկավորությանը և նույն օրը Նիկոլ Փաշինյանի ու ընտանիքի հանգստի ու «նկարաշատ» օրվան, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից ավելի կարևոր հարցեր կան, որոնց պետք է անդրադառնալ։
«Նիկոլն ու Աննան տեխնոլոգիայի արդյունքում ծնված սեփական բանակցությունն օգտագործելու հնարավորությունից զուրկ անձինք են։ Իրենք տեխնոլոգիաների կերտվածք են, հետևաբար՝ իրենց չարժե անդրադառնալ։
Ցավոք, իրենց գեներում գուցե հայի գեն կա, և հավատացեք, ինձ համար զարմանալի կլիներ, եթե նրանք իրենց հակառակ ձևով դրսևորեին։ Այդուհանդերձ, մեկ նկատառում, որ տարբեր վայրեր գնալու համար հագուստ ընտրելու ու հագնվելու էթիկա կա, ինչից նշված անձինք զուրկ են։
Կարևորն այն է, որ զոհված զինծառայողների համար Արցախի բոլոր եկեղեցիներում հիշատակի կարգ է տեղի ունեցել, և այստեղ բոլորս մասնակցել ենք և դա արել ենք լուռ ու մեր ցավի հետ։
Մեկ բան էլ՝ այսօր այն, ինչ կատարվում է Արցախում, դա է իրականությունը, իսկ Երևանում տեղի ունեցողը մեծամասամբ իրականությանը չի համապատասխանում, սա ցավով եմ ասում, որովհետև Հայաստանն էլ է իմ հայրենիքը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։