Բժիշկը զգուշացրել է շոգին ծխելու վտանգավոր հետևանքների մասին
Ծխելը չափազանց վատ սովորություն է, իսկ ամռանը դրա բացասական ազդեցությունը միայն ավելանում է։ Թերապևտ, գաստրոէնտերոլոգ Շոթա Կալանդիան «Իզվեստիա»-ին պատմել է շոգին ծխելու վտանգների մասին:
«Շոգին ծխելը կարող է հանգեցնել արյան անոթների նեղացման, արյան բարձր ճնշման և սրտի զարկերի բարձրացման, իսկ դա իր հերթին մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը»,– ըստ shantnews-ի՝ ասել է Կալանդիան:
Նա նաև նշել է, որ ծխելը բարձրացնում է արյան մածուցիկությունը և բարձրացնում թրոմբոցիտների մակարդակը, ինչը կարող է հանգեցնել արյան մակարդման, հատկապես, երբ զուգակցվում է ռիսկի այլ գործոնների հետ, որոնցից մեկը ջերմային ազդեցությունն է:
«Շոգին արյան մակարդման վտանգը մեծանում է նույնիսկ առողջ մարդկանց մոտ, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել ջրազրկման և արյան մածուցիկության բարձրացման: Այս ֆոնի վրա մեծանում է ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի վտանգը։ Իսկ ծխելը, որպես կանոն, ավելի է սրում իրավիճակը»,- հավելել է բժիշկը։
Բժիշկը նաև բացատրել է, որ ծխելու պատճառով նվազում է օրգանիզմ մտնող թթվածնի քանակը, ինչի հետևանքով վատանում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը։