Բաժիններ՝

Էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման պետական աջակցության վարկային ծրագիրը, որը մեկնարկել էր 2022 թվականի հունիսի 1-ից, մեծ պահանջարկ է ունեցել քաղաքացիների շրջանում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ ի սկզբանե ստացվել են կանխատեսվածից ավելի շատ դիմում-հայտեր։

«Երբ ծրագիրը նոր էր մեկնարկում, մենք նախատեսում էինք, որ մեկ տարվա ընթացքում 2 հազար շահառու կունենանք։ Ծրագիրը հունիսից մեկնարկել էր, սակայն վարկային միջոցները տրամադրվել են մի փոքր ուշ, ու արդեն ամիսներ անց՝ դեկտեմբերին մենք ունեինք 1265 շահառու։ Նախատեսված 2000-ի շեմը շատ արագ անցանք ու այսօր արդեն 3000-ից ավելի շահառու օգտվել է ծրագրից։ Դա նշանակում է, որ պահանջարկին զուգահեռ կառավարությունն ավելացրել է նաև ֆինանսավորումը»,-ասաց Հովհաննես Աբրահամյանը։

Քաղաքացիների վարկերի տոկոսները սուբսիդավորվել է պետության կողմից, արդյունքում կարողացել են վերանորոգել իրենց բնակարանները՝ պայմանով, որ մինչև 30 տոկոս էներգախնայողության բաղադրիչ կապահովվի, մասնավորապես՝ պատուհանների, դռների փոխում, տանիքի վերանորոգում, արևային կայանների տեղադրում, շինարարության մեջ էներգաարդյունավետ նյութերի օգտագործում և այլն։

«Բնականաբար կատարվել է համապատասխան մոնիթորինգ՝ պարզելու համար, թե արդյոք վարկային միջոցները նպատակին են օգտագործվում։ Ասեմ, որ արդյունքները գոհացուցիչ են։ Շատերը սկզբում թերահավատ էին էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերին, սակայն երբ գործնականում կոմունալ վճարումների ժամանակ տեսնում են տարբերությունը, համոզվում են»,-ասաց Հովհաննես Աբրահամյանը։

Ո՞ր մարզերից են հիմնականում օգտվել ծրագրից՝ հարցին ի պատասխան, նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ այստեղ համաչափ բաշխվածություն է նկատվում։ Եթե սկզբում կանխատեսվում էր, որ Երևանից ավելի շատ օգտվողներ կլինեն, ապա այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ որոշ մարզեր նույնիսկ շրջանցել են Երևանին։ 2023 թվականի ապրիլի դրությամբ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի՝ Արագածոտնի մարզ՝ 211, Արարատի մարզ՝ 472, Արմավիրի մարզ՝ 267, Գեղարքունիքի մարզ՝ 286, Երևան՝ 242, Լոռու մարզ՝ 191, Կոտայքի մարզ 407 և այլն։

Քանի որ ծրագրի արդյունքները բավական գոհացուցիչ են, կառավարությունը որոշել է մեկ տարով երկարաձգել բնակարանների ռենովացիայի պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը։ Ցանկացողները կարող են իրենց բնակարանները կամ անհատական բնակելի տները, էներգաարդյունավետ բաղադրիչն ապահովելով, վերանորոգել, վարկերի տոկոսները կսուբսիդավորի պետությունը։

Հովհաննես Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս անգամ փոփոխվել է սուբսիդավորման սկզբունքը։ Նախորդ պայմանների համաձայն՝ ծրագիրը սուբսիդավորվել է հետևյալ կերպ՝ Երևան քաղաքի շահառուների համար վարկը հասանելի է եղել 5 տոկոսով, մնացածը սուբսիդավորել է պետությունը, մարզային քաղաքների համար՝ 3 տոկոսով, գյուղական բնակավայրերի բնակիչների համար հասանելի է եղել 2 տոկոսով, սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների համար՝ զրո տոկոսով։ Նոր փոփոխությունների համաձայն՝ պետությունը աջակցությունը կտրամադրի հետևյալ հաշվարկով՝ սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում կսուբսիդավորի վարկի 14 տոկոսը, գյուղական բնակավայրերում՝ 12 տոկոսը, քաղաքային բնակավայրում՝ 11 տոկոսը, Երևանում՝ 9 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս