Ռուսաստանը ձգտելու է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ-ն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հաշվին. Լավրով
Ռուսաստանը ձգտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կազմի հնարավորինս շուտ ընդլայնման հասնել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նույնքան կարևոր խնդիր է ՄԱԿ-ի գլխավոր մարմինների վիճակը համապատասխանեցնել ժամանակակից իրողություններին, նկատի ունեմ, առաջին հերթին, Անվտանգության խորհրդի բարեփոխումը, որտեղ Արևմուտքը բացարձակապես անհամաչափ է ներկայացված․ 15 անդամներից, այսպես կոչված, ոսկե միլիարդն զբաղեցնում է 6 տեղ, սա անազնիվ է, անարդար: Ուստի մենք ձգտելու ենք հնարավորինս արագ ընդլայնել Անվտանգության խորհրդի անդամության կազմը՝ դրա մեջ ընդգրկելով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները», – ասել է նախարարը։
Դրա հետ մեկտեղ Լավրովն ընդգծել է, որ այս ցուցակին լրացուցիչ արևմտյան թեկնածուներ ավելացնելու փորձերը «հակաարդյունավետ են և բացարձակապես անհեռանկարային»։
«Գերիշխանությունն ավարտվում է, ժամանակն է անցնել իրավահավասարությանը: Եթե բոլորը կողմ են ժողովրդավարությանը, ապա չմոռանանք, որ ժողովրդավարություն է պահանջվում նաև միջազգային հարաբերություններում», – հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։