Արևային էներգետիկան թեև հեռանկարային է, բայց չի կարող փոխարինել ատոմային էներգետիկային․ մասնագիտական տեսակետներ
Փորձագետների կարծիքով՝ արևային էներգետիկան Հայաստանում իսկապես հեռանկարային է, սակայն ունի փոխլրացնող բնույթ և տնտեսական, տենիկական, տեխնոլոգիական հնարավորություններով, անշուշտ, չի կարող փոխարինել ատոմային էներգետիկային։
«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին՝ այս տեսակետը հայտնեցին ՄԱԿ–ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը և Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը։
«Արևային էներգետիկա ասելով՝ նկատի է առնվում հիմնականում ֆոտովոլտաիկ պանելների օգտագործումը, այսինքն՝ արեգակնային լույսի ուղիղ փոխակերպումն էլեկտրականության։ Արևային էներգետիկան հեռանկարներ ունի Հայաստանի այն բնակավայրերի համար, որոնք միացված չեն կենտրոնացված ցանցին կամ գտնվում են դժվարհասանելի վայրերում՝ աշխատելով մեկուսի պայմաններում։ Նման դեպքերում արևային ֆոտովոլտաիկ պանելների առկայությունն, իրոք, արդարացված է ու արդյունավետ։ Իսկ ինչ վերաբերում է մեծ էներգետիկային, ապա ընդհանուր հաշվեկշռում արեգակնային կայանների կշիռն այդքան էլ մեծ չէ, քանի որ Հայաստանը գտնվում է այն երկրների ցանկում, որոնք ունեն լավ զարգացած ու կենտրոնացված էլեկտրամատակարարման համակարգ, որում արեգակնային պանելները մրցունակ չեն և դեռ երկար ժամանակ մրցունակ չեն լինի»,- ասաց Մարջանյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում տվյալ ոլորտի զարգացմանը մեծապես նպաստում են Կառավարության կողմից իրականացվող վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ծրագրերը։
«Այդ ծրագրերն էներգախնայողության տեսանկյունից շատ կարևոր են։ Ֆոտովոլտաիկ պանելներից բացի, որոշ աշտարակներում կան նաև նմանատիպ պանելներ, որոնք շատ ավելի մեծ են, գործում են ավելի արդյունավետ՝ համապատասխանելով զարգացած էլեկտրաէներգետիկա ունեցող երկրների չափանիշներին։ Էներգախնայողությունը մեզ համար ունի հիմնաքարային նշանակություն, հետևաբար, պետական ծրագրերը գլխավորապես միտված են այդ ուղղություններին»,– ընդգծեց Մարջանյանը։
Նրա դիտարկմամբ՝ արևային էներգետիկան, այդուհանդերձ, չի կարող այլընտրանք լինել ատոմային էներգետիկային, որովհետև վերջինս հանդիսանում է երաշխավորված հզորության կայուն աղբյուր։ Երկրում երաշխավորված հզորությամբ արտադրություն ունենալն ավելի կարևոր է էներգիայի այնպիսի աղբյուրից, որի աշխատանքի արդյունավետությունը կախված է բացառապես բնակլիմայական քմահաճույքներից։ Կարճ ասած, եթե կա արև ու քամի, միայն այդ դեպքում կաշխատեն արևային և հողմային կայանները՝ արտադրելով էներգիա, հետևաբար Հայաստանը, որպես ամբողջական միավոր և բազմոլորտ տնտեսական համակարգ ունեցող երկիր, չի կարող իր հույսը գլխավորապես դնել ոչ երաշխավորված կայուն աղբյուրների վրա։ Այդ տեսանկյունից ՀԱԷԿ-ն, ըստ Մարջանյանի, իսկապես այլընտրանք չունի։
Ատոմային էներգետիկայի առաջնահերթության հանգամանքը նշեց նաև էներգետիկ փորձագետ Հայկ Բադալյանը, թեև միաժամանակ ընդգծեց, որ արևային էներգետիկան համապատասխան օրենսդրության ընդունումից հետո, դեռևս 2018 թվականին, ունեցավ բուռն զարգացում, որի արդյունքում, ինքնավար էներգաարտադրողների պնդմամբ, Հայաստանն ունի որոշակի էներգետիկ հզորություններ, որոնց զարգացումը կարող է տարեկան ապահովել 10-15 տոկոս ներուժի ավելացում։
«Մինչև 5 մեգավատանոց կայանների զարգացմամբ՝ մենք դուրս ենք գալիս գրեթե ինքնաբավության մակարադակ։ Խոշոր նախագծերից են 50 մեգավատանոց՝ «Մասրիկ» և 200 մեգավատանոց՝ «Այգ-1» կայանների կառուցումն ու շահագործումը։ Երկրորդը դեռ նախնական փուլում է»,- տեղեկացրեց Բադալյանը։
Այդուհանդերձ, այնպիսի կայուն բազային հզորությունը, ինչպիսին ատոմային էներգետիկան է, նրա կարծիքով, մրցակցությունից դուրս է, և արևային էներգետիկան չի կարող նրա օգտակար գործողության գործակիցն ապահովել, նույնիսկ եթե տվյալ ոլորտի զարգացման գործում փորձեն կիրառել ակումուլյացիոն կայանների հնարավորությունները։
«Բայցևայնպես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևային էներգետիկան գնալով ավելի է ընդլայնվում և զարգացման միտումներն էլ վերջին հինգ տարիներին առավել քան տեսանելի են՝ այստեղ նույնպես իրականացվում են լուրջ ներդրումներ։ Մասնագետներն այժմ սպասում են «Մասրիկ» և «Այգ-1» կայանների գործունեության արդյունքներին։ Եթե արդյունավետությունը լինի աներկբա, ապա կհետևեն ավելի լայնածավալ ներդրումներ, և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից ստացված էներգիայի շնորհիվ հնարավոր կլինի բալանսավորել անկայուն էներգետիկ աղբյուրների աշխատանքը»,- եզրափակեց Բադալյանը։
Մանվել Մարգարյան