Բաժիններ՝

Բնակարանների ռենովացիայի ծրագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով. նախարար

ՊՐԵՍ։ Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Հունիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ծրագրի ավարտը նախատեսված էր մինչև հուլիսի 1-ը և հիմա 2000 շահառուի փոխարեն արդեն 3000-ից ավելի շահառու ունենք։ Սա Կառավարության հերթական հաջողված ծրագրերից մեկն է և հիմա առաջարկում ենք ևս մեկ տարով ծրագիրը շարունակել։ Արդեն ընդհանուր առմամբ 6,5 միլիարդ դրամ վարկային միջոցներ են տրամադրվել»,- ասաց Սանոսյանը։

Ծրագրի շրջանակում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվելու է հետևյալ պայմաններով.

բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում վարկի սահմանաչափը կազմելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության դրամական միավորով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվելու է հետևյալ հաշվարկով.

սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով:

Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով:

Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 3 տոկոս տոկոսադրույքով: Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 5 տոկոս տոկոսադրույքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս